Մատչելի հղումներ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Անվտանգության խորհուրդը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»


ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար. «Անվտանգության խորհուրդը պետք է լուրջ քայլեր ձեռնարկի»

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Բան Կի-մունը հորդորել է կազմակերպության Անվտանգության խորհրդին Սիրիայի նկատմամբ ձեռնարկել «լուրջ» քայլեր՝ ասելով, որ վերջին տասը ամիսների ընթացքում երկրում շարունակվող ապստամբության ընթացքում մարդկային զոհերի թիվը հասել է «անթույլատրելի մակարդակների»:

Ելույթ ունենալով Միացյալ Արաբական Էմիրությունների մայրաքաղաք Աբու Դաբի կատարած իր այցի ընթացքում՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը դիմել է Անվտանգության խորհրդին՝ կոչ անելով «համաձայնեցված» եղանակով լուծել Սիրիայում ծավալված ճգնաժամը:

Բան Կի-մունն իր ելույթում նաև բարձր է գնահատել Արաբական պետությունների լիգայի կողմից Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասսադի հետ վարվող երկխոսությունը և այս երկիր ուղարկված դիտորդական առաքելությունը:

ՄԱԿ-ի խոսնակ Էդուարդո դել Բուեհը երկուշաբթի օրը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ մարդու իրավունքների գծով ՄԱԿ-ի փորձագետների փոքր մի խումբ այս շաբաթ կգործուղվի Կահիրե՝ Արաբական պետությունների լիգայի խնդրանքով դիտորդների վերապատրաստում անցկացնելու համար:

Ռուսաստանում երկուշաբթի օրը երկրի փոխարտգործնախարար Միխաիլ Բոգդանովը հանդիպում է անցկացրել Միացյալ Նահանգների իր գործընկեր Ուիլյամ Բըրնսի հետ:

Հանդիպման ընթացքում, ըստ Ռուսաստանի արտգործնախարարության, Բոգդանովը շեշտել է, որ օտարերկրյա պետությունները պետք է հարգեն Սիրիայի ինքնիշխանությունը և օգնեն այս երկրի ժողովրդին խաղաղ միջոցներով կարգավորել երկրում ծավալված ճգնաժամը:

XS
SM
MD
LG