Թալիբները ստանձնել են Պակիստանում իրականացված հարձակումների պատասխանատվությունը

Թալիբները ստանձնել են Պակիստանում իրականացված հարձակումների պատասխանատվությունը

Պակիստանի թալիբները ստանձնել են վերջին օրերին այս երկրում ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի զինված ուժերի համար մատակարարումներ տեղափոխող ավտոշարասյունների վրա իրականացված հարձակումների պատասխանատվությունը:

Ահաբեկչական խմբավորման պակիստանյան թևը երկուշաբթի օրը հայտարարել է, որ նախատեսում է շարունակել հարձակումները այնքան ժամանակ, մինչև դադարեցվի ավտոշարասյունների երթևեկությունը:

Հինգշաբթի օրը Պակիստանի իշխանությունների կողմից փակված մատակարարման ճանապարհի երկայնքով տեղի ունեցած հարձակումների հետևանքով զոհվել է երեք մարդ և այրվել վառելիքատար մոտ 20 մեքենա:

Աֆղանստանից փախուստի դիմած զինյալներին հետապնդելու ժամանակ ՆԱՏՕ-ի հարձակման ընթացքում սպանվել է Պակիստանի զինված ուժերի առնվազն երեք զինծառայող:

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը Պակիստանի արտաքին գործերի նախարարի հետ երկուշաբթի օրն անցկացված հանդիպման ժամանակ ցավակցություն է հայտնել Պակիստանի զինծառայողների մահվան կապակցությամբ: Բացի այդ, Անդերս ֆոգ Ռասմուսենը Պակիստանին կոչ է արել հնարավորինս արագ վերաբացել մատակարարման ճանապարհը: