Հաիթիում խոլերայի համաճարակն ու փոթորիկը խլել են բազմաթիվ մարդկանց կյանք

Հաիթիում խոլերայի համաճարակն ու փոթորիկը խլել են բազմաթիվ մարդկանց կյանք

Հաիթիում խոլերայի համաճարակի պատճառով զոհվել է 544 մարդ, իսկ «Թոմաս» փոթորիկը` խլել մարդկային ևս 20 կյանք:

Երկրի առողջապահության նախարարության համաձայն, խոլերայով հիվանդանալու պատճառով վերջին շաբաթների ընթացքում հիվանդանոց է տեղափոխվել ավելի քան ութ հազար մարդ:

«Թոմաս» փոթորիկն անցյալ շաբաթվա վերջին ուժգին քամիներ և անձրևներ էր բերել երկրի արևմտյան մասում, որոնք առաջացրել էին ջրհեղեղներ և սողանքներ:

Հաիթիի կառավարությունը և մարդասիրական կազմակերպությունները փորձում էին վտանգավոր գոտիներից էվակուացնել բնակչությանը, որոնք արդեն իսկ գտնվում էին ժամանակավոր կացարաններում: Սակայն շատերը չեն համաձայնվում հեռանալ:

Հաիթիում այս տարվա հունվար ամսին տեղի ունեցած երկրաշարժի պատճառով, որը խլել է 250 հազար մարդու կյանք, հազարավոր մարդիկ ապրում են գերբնակեցված ճամբարներում, խղճուկ պայմաններում: