Լոնդոնում սկսված խռովությունները տարածվել են Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում

Լոնդոնում սկսված խռովությունները տարածվել են Մեծ Բրիտանիայի այլ քաղաքներում

Լոնդոնում արդեն երրորդ օրն է շարունակվում են խռովությունները, որոնք տարածվել են Մեծ Բրիտանիայի ևս երկու քաղաքներում:

Բիրմինգհեմ և Լիվերպուլ քաղաքների ոստիկանությունը հաղորդել է հրկիզումների և կողոպուտների մասին: Լիվերխուլի ոստիկանության խոսնակի համաձայն, ոստիկանության ծառայողներն արագ և վճռական քայլեր են ձեռնարկել «խռովությունների մեկուսացված դեպքերը դադարեցնելու նպատակով»:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը դադարեցրել է Իտալիայում անցկացվող իր կարճատև արձակուրդը և վերադարձել Լոնդոն՝ մի քանի տարվա ընթացքում երկրում ամենալուրջ խռովությունների խնդրի կարգավորմամբ զբաղվելու նպատակով:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացված խաղաղ ցույցը, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտում ոստիկանության կողմից 29-ամյա մի տղամարդու սպանության հանգամանքով, դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի արդյունքում ցուցարարները քարեր են նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ջարդել խանութների պատուհաններ, կրակի մատնել մեքենաներ և մի քանի շենք:

Թաղամասի որոշ բնակիչների համաձայն, տեղի ունեցած խռովություններն արդյունք են Լոնդոնի հյուսիսում արդեն երկար ժամանակ կուտակվող դժգոհության, որի պատճառներն են գործազրկության բարձր մակարդակը և մատուցվող պետական ծառայությունների կրճատումը: