Մատչելի հղումներ

Լոնդոնից խռովությունները տեղափոխվել են Մանչեսթեր և Բիրմինգհեմ


Լոնդոնից խռովությունները տեղափոխվել են Մանչեսթեր և Բիրմինգհեմ

Լոնդոնում երեք գիշեր շարունակ տեղի ունեցած խռովություններից հետո երեքշաբթի օրն անսովոր հանգստություն էր տիրում, սակայն խռովությունները տեղափոխվել են հյուսիսային Մանչեսթեր քաղաք:

Ականատեսների համաձայն, Մեծ Բրիտանիայի երրորդ ամենամեծ քաղաքում երիտասարդների մոլեգնած ամբոխները ջարդել են պատուհաններ, կողոպտել խանութներ և հրդեհել շենքեր:

Բիրմինգհեմ քաղաքում գիշերվա ընթացքում նույնպես տեղի են ունեցել խռովություններ: Ոստիկանության համաձայն, այս քաղաքում զոհվել է երեք մարդ, որոնք վրաերթի են ենթարկվել՝ փորձելով պաշտպանել իրենց համայնքը կողոպտիչների խմբերից: Այս սպանության կապակցությամբ ոստիկանությունը ձերբակալել է մեկ մարդ, իրականացվում է սպանության հետաքննություն:

Լոնդոնի փողոցներում, ուր դուրս է բերվել 16 հազար ոստիկանության ծառայող, հանգիստ էր: Քաղաքում խանութները փակվել են ավելի շուտ, և արվարձաններից Լոնդոն աշխատանքի եկած մարդիկ փորձել են լքել քաղաքը մութն ընկնելուց առաջ:

Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը խոստացել է վերականգնել կարգուկանոնը և պատասխանատվության ենթարկել նրանց, ովքեր կազմակերպել են բռնությունները, որոնց արդյունքում Լոնդոնի որոշ թաղամասեր այժմ պատերազմական քաղաք են հիշեցնում:

Քեմերոնը երկրում տեղի ունեցած խռովությունները «մաքուր հանցագործություն» է անվանել:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում տեղի ունեցած խռովությունների զոհ է գնացել մեկ, վնասվածքներ է ստացել 58 մարդ, հիմնականում ոստիկանության ծառայողներ:

Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում շաբաթ օրն անցկացված խաղաղ ցույցը, որի մասնակիցներն իրենց բողոքն էին արտահայտել ոստիկանության կողմից 29-ամյա մի տղամարդու սպանության հանգամանքով, դուրս էր եկել վերահսկողությունից, ինչի արդյունքում Թոթենհեմ թաղամասում ցուցարարները սկսել էին քարեր նետել ոստիկանության ծառայողների ուղղությամբ, ջարդել խանութների պատուհաններ, կրակի մատնել մեքենաներ և մի քանի շենք:

Թաղամասի որոշ բնակիչների համաձայն, տեղի ունեցած խռովություններն արդյունք են Լոնդոնի հյուսիսում արդեն երկար ժամանակ կուտակվող դժգոհության, որի պատճառներն են գործազրկության բարձր մակարդակը և մատուցվող պետական ծառայությունների կրճատումը:

XS
SM
MD
LG