«Greenpeace». «Չեռնոբիլյան վթարից հետո Ուկրաինայում սննդամթերքը դեռևս աղտոտված է»

میرا پاکستان

«Greenpeace» բնապահպանական կազմակերպության համաձայն, 1986 թվականին տեղի ունեցած Չեռնոբիլյան վթարից հետո առաջացած ռադիոակտիվ աղտոտումը մինչ օրս ազդում է Ուկրաինայի որոշ մասերում արտադրված սննդամթերքի վրա:

Կազմակերպության կողմից այս շաբաթ հրապարակված զեկույցի համաձայն, վտանգավոր նյութերի բարձր պարունակություն է հայտնաբերվել այս երկրի երկու շրջանում արտադրված կաթում, հատապտուղներում, կարտոֆիլում և արմատապտուղներում:

Հետազոտությունն իրականացվել է Չեռնոբիլի ատոմակայանի շուրջ գտնվող «փակ գոտուց» դուրս:

«Greenpeace»-ի զեկույցի համաձայն, փորձերի արդյունքում սննդում հայտնաբերվել է ցեզիում-137-ի բարձր պարունակություն, ինչը վտանգ է ներկայացնում առողջության համար:

Բնապահպանական այս կազմակերպության հետ համագործակցող գիտնական Իրինա Լաբունսկան քննադատել է Ուկրաինայի կառավարությանը` սննդամթերքում աղտոտվածության վերահսկողությունը երկու տարի առաջ դադարեցնելու համար:

«Greenpeace»-ի զեկույցը հրապարակվել է Չեռնոբիլյան վթարի 25-րդ ամյակի նախօրեին:

Ճապոնիայի «Ֆուկուշիմա» ատոմակայանում անցյալ ամիս տեղի ունեցած տարերային աղետի պատճառով առաջացած վթարը համարվում է Չեռնոբիլի վթարից հետո միջուկային ամենալուրջ պատահարը: