Իրանը հարձակում է գործում ընդդեմ Իսրայելի՝ սրելով հակամարտությունը. ԱՄՆ-ն իր աջակցությունն Իսրայելին անվանել է «երկաթյա»

Ցուցարարները ծածանում են Իրանի և Պաղեստինի դրոշները Թեհրանի «Պաղեստինի» հրապարակում 2024 թվականի ապրիլի 14-ին, այն բանից հետո, երբ Իրանը անօդաչուներ և հրթիռներ արձակեց Իսրայելի ուղղությամբ

Թեհրանը օդային հարձակում է իրականացրել Իսրայելի դեմ Իրանի տարածքից՝ նշանավորելով երկու մրցակից տարածաշրջանային տերությունների միջև երկարատև հակամարտության լուրջ սրացում:

Իրանի բարձրագույն ռազմական ուժը՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը, կիրակի օրը նախօրեին հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իրանական տարածքից «տասնյակ հրթիռներ և անօդաչուներ» են արձակվել Իսրայելի ուղղությամբ։ Հաղորդվում է, որ հարձակումը իրականացվել է ի պատասխան, ըստ իրանցի պաշտոնյաների, Դամասկոսում (Սիրիա) ապրիլի 1-ին իսրայելական հարվածին, որի արդյունքում զոհվել են մի քանի իրանցի բարձրաստիճան զինվորականներ:

Իսրայելական բանակը, որը ոչ հաստատել է, ոչ էլ հերքել է ապրիլի 1-ի հարվածի պատասխանատվությունը, հայտարարություն է տարածել, որում ասվում է, որ իր օդային և ռազմածովային ուժերը վերահսկում են Իրանի հարձակումը:

«Ամերիկայի Ձայն»-ին տված հեռախոսային հարցազրույցում պահեստազորի սպա, իսրայելական բրիգադի գեներալ Ջեյքոբ Նագելը, որը վարչապետ Բենիամին Նեթանյահուի ազգային անվտանգության նախկին խորհրդականն է, ասել է, որ Իսրայելի օդուժը, հավանաբար, սկսել է որսալ իրանական անօդաչուները հարևան արաբական երկրների օդային տարածքում: Նման անօդաչուների համար մի քանի ժամ պահանջվում՝ Իրանից Իսրայելի օդային տարածք հասնելու համար։

Նագելը, ով հանդիսանում է Վաշինգտոնում գործող Ժողովրդավարությունների պաշտպանության հիմնադրամի ավագ վերլուծաբան, ասում է, որ իր պնդումնեերը հիմնված են Իսրայելի ռազմական հնարավորությունների և Իրանի հարձակման նախապատրաստման մասին իր ունեցած տեղեկության վրա:

Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին սոցիալական մեդիայի X հարթակում հրապարակված տեսաուղերձում ասել է, որ Իրանը նաև հրթիռներ է արձակել իր օդային հարձակման ժամանակ:

Նեթանյահուն հեռուստաուղերձում ասել է, որ Իսրայելը կպաշտպանի իրեն «ցանկացած սպառնալիքից և դա կանի վճռականորեն»։

Բայդենի վարչակազմը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները «կկանգնի Իսրայելի ժողովրդի կողքին և կաջակցի նրանց պաշտպանությանը Իրանի կողմից եկող այս սպառնալիքներից»:

Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ադրիեն Ուոթսոնը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Այս հարձակումը, ամենայն հավանականությամբ, կծավալվի մի քանի ժամվա ընթացքում: Նախագահ [Ջո] Բայդենը հստակ ասել է. մեր աջակցությունը Իսրայելի անվտանգությանը երկաթյա է»:

Նեթանյահուն ողջունել է այդ աջակցությունն իր իսկ հայտարարության մեջ՝ ասելով. «Մենք բարձր ենք գնահատում ԱՄՆ-ի՝ Իսրայելի կողքին կանգնած լինելը, ինչպես նաև Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի և շատ այլ երկրների աջակցությունը»:

X հարթակում կատարած գրառման միջոցով Նյու Յորքում տեղակայված ՄԱԿ-ում Իրանի ներկայացուցչությունը հայտնել է, որ Իսրայելի վրա օդային հարձակումը նշանավորում է Թեհրանի ռազմական գործողությունների ավարտը:

«Եթե իսրայելական ռեժիմը ևս մեկ սխալ թույլ տա, Իրանի պատասխանը զգալիորեն ավելի կոշտ կլինի: Դա հակամարտություն է Իրանի և իսրայելական ստահակ ռեժիմի միջև, որից ԱՄՆ-ը ՊԵՏՔ Է ՀԵՌՈՒ ՄՆԱ»,- ասված է իրանական դիվանագիտական ներկայացուցչության գրառման մեջ:

Իր հերթին,Նագելն ասում է, որ Իրանի հարձակումը, որն իր տեսակի մեջ առաջինն է Իսլամական Հանրապետության և Իսրայելի միջև տասնամյակների թշնամության ընթացքում, հավանաբար շրջադարձային կլինի այս հակամարտության մեջ:

«Հավանաբար, մենք ականատես կլինենք տարածաշրջանային առճակատմանը, քանի որ Իրանը հանդես է գալիս ոչ միայն ընդդեմ Իսրայելի, այլ ընդդեմ ազատ աշխարհի»,- ասաց նա։

Նյութը պատրաստվել է «Ամերիկայի ձայնի» լրագրող Մայքլ Լիպինի հոդվածի հիման վրա