Շոյգուն մասնակցում է Հյուսիսային Կորեայի «Հաղթանակի օրվա» միջոցառումներին

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի հանդիպումը Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընն ընդունել է Փհենյանում գտնվող Ռուսաստանի ռազմական ու Չինաստանի քաղաքական պատվիրակություններին, որոնք ժամանել են` մասնակցելու երկրում նշվող «Հաղթանակի օրվա» միջոցառումներին։

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն և Չինաստանի քաղբյուրոյի անդամ Լի Հոնչժոնգը Կիմի Չեն Ընին փոխանցել են իրենց առաջնորդների` Վլադիմիր Պուտինի և Սի Ծինփինի նամակները` հինգշաբթի փոխանցել է հյուսիսկորեական «KCNA» պետական լրատվամիջոցը:

Հաղորդվում է, որ Կիմը երախտագիտությամբ է ընդունել նամակները՝ նշելով իրենց երկրների` տասնամյակների պատմություն ունեցող բարեկամության մասին:

«KCNA»-ն հավելում է, որ Կիմ Չեն Ընը հրավիրել է պատվիրակություններին ներկա գտնվել երաժշտական ներկայացման, թե ինչպես է Հյուսիսային Կորեան հաղթանակով հետ մղել «ամերիկյան իմպերիալիզմի կողմից իրականացված ավազակային հարձակումը»:

Your browser doesn’t support HTML5

Շոյգուն այցելել է Հյուսիսային Կորեա. Մոսկվան խորացնում է իր կապերը Փհենյանի հետ

1950-1953 թվականներին տեղի ունեցած Կորեական պատերազմը Փհենյանն անվանում է «Հայրենական ազատագրական պատերազմ», որն իբր հրահրել են Միացյալ Նահանգներն ու նրա դաշնակիցները:

Շոյգուի եռօրյա այցը «KCNA»-ի ուշադրության կենտրոնում է։ Լրատվական գործակալությունը հինգշաբթի մի շարք նյութեր է հրապարակել Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցի մասին, այդ թվում` Կիմ Չեն Ընի հետ նրա շրջայցը սպառազինության ցուցահանդեսում:

Հյուսիսային Կորեայի առաջնորդը ցուցադրել է իր երկրի նորագույն սպառազինությունն ու սարքավորումները, որոնք մշակվել են պաշտպանության զարգացման պետական ծրագրի շրջանակում` փոխանցել է «KCNA»-ն` հավելելով, որ երկու երկրների ներկայացուցիչները քննարկել են ռազմատեխնիկական համագործակցության հեռանկարները։

Հատկանշական է, որ ցուցահանդեսին ներկայացված էին միջմայրցամաքային բալիստիկ հրթիռներ և նոր տեսակի անօդաչուներ: Սեուլում` փորձագետների կարծիքով, այդ անօդաչուները նման են ամերիկյան արտադրության «Global Hawk» և «MQ 9 Reaper» անօդաչուներին:

«KCNA»-ն ներկայացնում է, թե Կիմ Չեն Ընը «բազմիցս համոզմունք է հայտնել, որ ռուսական բանակը և ժողովուրդը մեծ հաջողությունների կհասնեն հզոր երկիր կառուցելու համար մղվող պայքարում»։

Կիմ Չեն Ընի հետ հանդիպումից առաջ` Շոյգուն հանդիպել է իր գործընկերոջը` Հյուսիսային Կորեայի պաշտպանության նախարարի հետ` ըստ «KCNA»-ի, մտքեր փոխանակելու երկու երկրների «ռազմավարական և ավանդական հարաբերությունների հետագա ամրապնդման» շուրջ։ Դիտորդների համոզմամբ, ըստ ամենայնի, քննարկումները վերաբերել են ռազմական ոլորտում համագործակցությանը:

Միայն անցած տարի Վաշինգտոնն առնվազն երկու անգամ հայտարարեց, որ Փհենյանը Մոսկվային գաղտնի մատակարարում է «զգալի քանակությամբ հրետանային արկեր»՝ կիրառելու Ուկրաինայի դեմ։ Հյուսիսային Կորեան ու Ռուսաստանը հերքել են։

«Ոչ ոք չպետք է օգնի պարոն Պուտինին` սպանել ուկրաինացիներին»,- չորեքշաբթի լրագրողներին ասել է ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Ջոն Քիրբին` հավելելով. «Այն, որ նա` [Պուտինը] դիմում է Հյուսիսային Կորեային, կամ հնարավոր է` դիմել է, որևէ մեկի համար անակնկալ չէ»:

Իր հերթին, Հարավային Կորեայի կառավարությունը հայտարարել է, որ ուշադիր հետևում է զարգացումներին՝ հիշեցնելով Մոսկվայի դիրքորոշումը, թե Ռուսաստանը դեմ է, որ Փհենյանն ունենա միջուկային զենք, և լարվածությունը Կորեական թերակղզում աճի:

Հարավային Կորեայի արտգործնախարարության խոսնակը հինգշաբթի հույս է հայտնել, որ ռուսական պատվիրակության այցը Փհենյան կնպաստի, որ Հյուսիսային Կորեան վերադառնա բանակցային սեղան։

Ուկրաինական պատերազմի թեժ շրջանում Շոյգուի գլխավորած պատվիրակության այցը Փհենյան չի վրիպել Սեուլում գործող վերլուծաբանների ուշադրությունից:

Ռուսաստանի պաշտպանության նախարարի այցը` կառավարական մակարդակով առաջին այցն է 2018 թվականի մայիսից ի վեր, երբ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ժամանեց Փհենյան: Այն ժամանակ ԱՄՆ և Հյուսիսային Կորեայի միջև ակտիվ դիվանագիտական շփումներ էին:

Այս անգամ իրավիճակն այլ է, և Շոյգուն Ռուսաստանի պաշտպանության առաջին նախարարն է, ով ներկա է գտնվել Հյուսիսային Կորեայի «Հաղթանակի օրվա» զորահանդեսին:

«Ռուսաստանին անհրաժեշտ է համագործակցություն` Միացյալ Նահանգների և, այսպես կոչված, արևմտյան աշխարհի դեմ, քանի որ, ինչպես տեսնում ենք, ուկրաինական պատերազմում Ռուսաստանի դեմ գործում է երկրների մի ողջ խումբ»,- ասում է «Ewha Womans University»-ի պրոֆեսոր Պակ Վոն Գոնը. «Հյուսիսային Կորեայի, հատկապես` Կիմ Չեն Ընի համար, անհրաժեշտ է ինչ-որ ձեռքբերում՝ այսպես կոչված «Հաղթանակի օրվա» 70-ամյակի համար»:

Պրոֆոսորի խոսքով, հյուսիսկորեական զորահանդեսին Չինաստանի ու Ռուսաստանի պատվիրակությունների ներկա գտնվելն ու Կիմի Չեն Ընի կողքին կանգնած լինելը «հստակ ուղերձ կհղի Հյուսիսային Կորեայի ժողովրդին և աշխարհին, որ Հյուսիսային Կորեան աջակցություն է ստանում այս երկու երկրներից և այլևս մեկուսացված կամ վտարանդի պետություն չէ»։

«Հյուսիսային Կորեան ուղղակիորեն օգտվում է Ուկրաինայի պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակից»,- անցած շաբաթ գրել էր «Korean Institute for Defense Analyses» ինստիտուտի վերլուծաբան Բո Հյոնգ Վուկը` հավելելով. «Չինաստանի և Ռուսաստանի հանար այլևս բացակայում է Հյուսիսային Կորեայի միջուկային ծրագիրը արգելակելու շարժառիթը, և մեծ է հավանականությունը, որ Փհենյանը կպնդի ճանաչել իրեն որպես միջուկային տերություն»:

Հյուսիսկորեական տոնակատարություններին պատվիրակ գործուղելու հարցում Պեկինը, կարծես, ավելի համեստ մոտեցում է ցուցաբերել: Չինաստանը հարյուր հազարավոր զինվորներ է կորցրել 1950-ականներին` Կորեական պատերազմի ժամանակ:

Չինական պատվիրակությունը գլխավորում է Լի Հոնչժոնգը` Չինաստանի Կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի ոչ մշտական անդամը։ 2018 թվականին Չինաստանը Հյուսիսային Կորեա էր ուղարկել Լի Չհանշուին, ով Կոմունիստական կուսակցության բարձրագույն որոշումներ կայացնող մարմնի մշտական անդամ էր և երրորդը իշխանական համակարգում։ Այսօր նա թոշակառու է։