Նոր զարգացումներ Թրամփի կողմից պոռնոաստղին վճարելու գործում

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփը շաբաթ օրը չի բացառել, որ  Մանհեթենի շրջանային դատախազը կարող է ձերբակալել իրեն 2016 թվականին պոռնոգրաֆիկ ֆիլմերի դերասանուհի Սթորմի Դենիելսին 130 հազար դոլար վճարելու մեղադրանքով

Տարիներ շարունակ Մանհեթենի դատախազները հետաքննում էին նախկին նախագահ Դոնալդ Թրամփի վճարումը պոռնոաստղին: Իր հերթին շաբաթ օրը Թրամփը սոցցանցերում գրել էր, որ ակնկալում է, որ իրեն կձերբակալեն արդեն երեքշաբթի օրը։ Նա իր կողմնակիցներին կոչ է արել բողոքի ցույցի դուրս գալ։

Ըստ Մանհեթենի շրջանային դատախազության՝ Թրամփը 2016 թվականի ընտրություններից առաջ պոռնոգրաֆիկ կինոֆիլմերի աստղ Սթորմի Դենիելսին վճարել է 130 հազար դոլար՝ իրենց միջև սիրավեպի մասին լռություն պահպանելու համար: Այս գործարքը կարող է դիտարկվել որպես քարոզարշավի ֆինանսավորման մասին օրենսդրության խախտում:

Սթորմի Դենիելսին 130 հազար դոլարի վճարման գործարքը իրականացրել է Թրամփի նախկին փաստաբան Մայքլ Քոհենը: Վերջինս իրեն մեղավոր է ճանաչել գործի հետ կապված 2018 թվականին, սակայն դաշնային դատախազները մեղադրանք չառաջադրեցին Թրամփին այն ժամանակ։ Քոհենը երկու տարուց մի փոքր ավելի ժամանակ անցկացրեց դաշնային բանտում՝ նախքան 2021 թվականին ազատ արձակումը:

Your browser doesn’t support HTML5

Կձերբակալվի՞ արդյոք Դոնալդ Թրամփը. նոր զարգացումներ կինոյի դերասանուհի Սթորմի Դենիելսին վճարելու գործում

Մանհեթենի շրջանային դատախազն այն ժամանակվանից հետաքննում է, թե արդյոք այդ դրամական վճարումները չեն խախտում նահանգի օրենսդրությունը:

Նրա փաստաբաններից մեկն ասել է, որ Թրամփը մոտ 130 հազար դոլար արժողությամբ չեկը գրել է՝ իր ընտանիքը պաշտպանելու համար:

«Նա դա արել է անձնական միջոցներից, որպեսզի կանխի ինչ-որ կեղծիքի տարածում, որը կարող է վնասել իրեն, իր ընտանիքին և իր փոքր որդուն»,- ասում է Թրամփի փաստաբան Ջո Տակոպինան:

Թրամփը հայտարարել է, որ առաջադրվելու է 2024 թվականի նախագահական ընտրություններում, նույնիսկ եթե իրեն մեղադրանք առաջադրեն, և նրա ձերբակալության հավանականությունը մեծ հանրային արձագանք է գտել:

«Ոչ ոք օրենքից վեր չէ, նույնիսկ ԱՄՆ նախկին նախագահը: Եթե ընթանում է հետաքննություն, ապա պետք է թույլ տալ, որ այդ հետաքննությունը պատշաճ կերպով առաջ գնա։ Եթե ժամանակն է մեղադրական եզրակացություններ ներկայացնելու համար, ուրեմն նրանք մեղադրական եզրակացություններ կներկայացնեն: Ահա թե ինչպես է աշխատում մեր իրավական համակարգը»,- հայտարարել է դեմոկրատ սենատոր Էլիզաբեթ Ուորենը:

Թրամփի օրոք նախկին փոխնախագահ Մայք Փենսն իր հերթին պաշտպանել է Թրամփին։

«Հերթական քաղաքական մեղադրանքով հետապնդումն ուղղված է Միացյալ Նահանգների նախկին նախագահի դեմ»,- եզրակացրել է Փենսը:

Միևնույն ժամանակ, Ներկայացուցիչների պալատի հանրապետական խոսնակ Քևին Մաքքարթին հանգստության կոչ է արել՝ ասելով, որ մարդիկ չպետք է բողոքեն, եթե Թրամփին մեղադրանք առաջադրվի:

Նույնիսկ Թրամփի որոշ կողմնակիցներ լրագրողներին ասել են, որ չեն կարծում, որ անհրաժեշտություն կա բողոքի ակցիաների:

«Նա (Թրամփը) պետք է զգույշ լինի, երբ օգտագործում է «բողոք» տերմինը: Մեզ պետք չէ Կապիտոլիումի նման մեկ այլ միջադեպ: Թեև ես նրա կողմնակիցն եմ, բայց կարծում եմ, որ այս տերմինը պետք է խելամտորեն օգտագործել, քանի որ դա կարող է որոշակի քաոս առաջացնել»,- նշել է Թրամփի աջակից Սուլեյման Ալ Թամիմին։

Մանհեթենի շրջանային դատախազը չի ասել, թե արդյոք իր գրասենյակը նախատեսում է ձերբակալել նախկին նախագահին: Բայց երկուշաբթի կեսօրից հետո Նյու Յորքի ոստիկանությունը սկսեց անվտանգության արգելապատնեշներ տեղադրել հնարավոր անկարգություններին նախապատրաստվելու համար:

Հոդվածը պատրաստվել է «Ամերիկայի ձայն»-ի լրագրող Լորել Բոումենի նյութի հիման վրա