ՆԱՏՕ. Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը

Չնայած Ուկրաինայի սահմանից զորքերի մի մասի դուրսբերման վերաբերյալ Մոսկվայի հայտարարություններին, Ստոլթենբերգն ասել է, որ, ըստ ամենայնի, ռուսական ներկայության ուժեղացումը շարունակվում է.

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարն ասել է, որ Ռուսաստանը, ըստ երևույթին, ուժեղացնում է իր դիրքերը Ուկրաինայի սահմանների մոտ։

Ընդ որում, մեկ օր առաջ Մոսկվան հայտարարել էր, որ դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից:

Յենս Ստոլթենբերգը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ լարվածության նվազումը դեռևս տեսանելի չէ: Ընդհակառակը, թվում է, որ Ռուսաստանը շարունակում է ուժեղացնել իր ռազմական ներկայությունն այնտեղ, պնդում է Ստոլթենբերգը։

Երեքշաբթի օրը Ռուսաստանը հայտարարել էր, որ զորավարժություններից հետո դուրս է բերում զորքերի մի մասը Ուկրաինայի հետ սահմանից՝ չհստակեցնելով, թե որքան զորք է դուրս բերվում։

Սակայն արեւմտյան երկրները թերահավատորեն են վերաբերվում այս հայտարարություններին։ Նախագահ Ջո Բայդենն ասել է, որ ԱՄՆ-ն ի վիճակի չէ հաստատել ռուսական պնդումները։

Չորեքշաբթի՝ փետրվարի 16-ին, Բրյուսելում կայացավ ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի շրջանակում ընդունվեց պաշտոնական հայտարարություն Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ Դաշինքը հայտարարել է «անհանգստություն Ուկրաինայի և Բելառուսի սահմանին ռուսական ռազմական ուժերի լայնածավալ, անհիմն և չարդարացված կուտակման կապակցությամբ»:

«Մենք խստորեն կոչ ենք անում Ռուսաստանին ընտրել դիվանագիտության ուղին, անհապաղ դադարեցնել կուտակումը և դուրս բերել ուժերը Ուկրաինայից՝ համաձայն իր միջազգային պարտավորությունների: Մենք հավատարիմ ենք մնում Ռուսաստանի նկատմամբ մեր երկկողմանի մոտեցմանը. ուժեղ պաշտպանողականություն և զսպում բաց երկխոսության հետ համատեղ»,- ասված է նախարարների հայտարության մեջ։

Դաշինքը նախազգուշացրել է, որ Ռուսաստանի գործողությունները վտանգ են ներկայացնում եվրատլանտյան անվտանգությանը, ինչի պատճառով ՆԱՏՕ-ն «հավելյալ ցամաքային, ծովային և օդային ուժեր է տեղակայում Դաշինքի արևելյան հատվածում»։ «Մենք բարձրացնում ենք մեր ուժերի մարտունակությունը: Մեր միջոցառումները եղել և մնում են կանխարգելիչ, համաչափ և ոչ էսկալացիոն: Մենք պատրաստ ենք էլ ավելի ամրապնդել մեր պաշտպանական և զսպող դիրքերը՝ բոլոր չնախատեսված հանգամանքներին արձագանքելու համար»,- նշել է դաշինքը։

«Ռուսաստանի ցանկացած հետագա ագրեսիա Ուկրաինայի դեմ կունենա հսկայական հետևանքներ և մեծ գին կունենա: ՆԱՏՕ-ն կշարունակի սերտորեն համագործակցել համապատասխան շահագրգիռ կողմերի և այլ միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ԵՄ-ի հետ», - ընդգծել է դաշինքը և հավելել, որ ՆԱՏՕ-ն և դաշնակիցները դեռ նախընտրում են դիվանագիտությունը և երկխոսությունը Ռուսաստանի հետ Եվրատլանտյան անվտանգության հարցերը քննարկելիս:

«Մենք աջակցում ենք այս բոլոր ջանքերին, նորմանդական ձևաչափում մինսկյան պայմանավորվածությունների իրականացմանը: Մենք պատրաստակամություն հայտնեցինք մասնակցել Լեհաստանի կողմից որպես ԵԱՀԿ գործող նախագահ Լեհաստանի նախաձեռնած եվրոպական անվտանգության նորացված երկխոսությանը: Մենք առարկայական առաջարկներ ենք արել Ռուսաստանին Եվրատլանտյան տարածաշրջանի բոլոր պետությունների անվտանգության ամրապնդման համար և սպասում են պատասխանի»,-ասված է հայտարարության մեջ:

«Մենք բազմիցս առաջարկել և շարունակում ենք առաջարկել հետագա երկխոսություն Ռուսաստան-ՆԱՏՕ Խորհրդի շրջանակներում և պատրաստ ենք միանալ դրան: Կոչ ենք անում Ռուսաստանին փոխադարձ քայլեր ձեռնարկել և ընտրել դիվանագիտությունը և ապա` դե-էսկալացիան»,- նշում են նախարարները։