Մատչելի հղումներ

Սպասվում է Ուկրաինայի վերաբերյալ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի հայտարարությունը


Ուկրաինայում չորեքշաբթին անորոշության եւս մեկ օր է, քանի որ չնայած իր սահմաններից զորքերի մի մասը հետ քաշելու եւ Արեւմուտքի հետ բանակցութունները կարեւորելու մասին Ռուսաստանի երեքշաբթի օրվա հայտարարությանը, Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին ասում է, թե ռուսական զորքերի հետքաշում չի արձանագրվել սահմաններին: ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլթենբերգերը եւս հայտարարում է, թե դաշինքը չի տեսնում որեւէ դեէսկալացիա եւ որ Ռուսաստանը շարունակում է ռազմական ներկայության ամրապնդումը:

ՆԱՏՕ-ի պաշտպանության նախարարները Բրյուսելում չորեքշաբթի օրը քննարկում են Ռուսաստանի կողմից ընդդեմ Ուկրաինայի ներխուժում սկսելու սպառնալիքը:

Կիևում այս պահին իրավիճակը հանգիստ է ու թվում է խաղաղ, սակայն ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները հայտարարում են, որ իրենք դեռեւս չունեն ռուսական զորքերի հետքաշման մասին փաստեր:

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը երեքշաբթի օրը հրապարակել էր տեսանյութ, որտեղ իբր երևում է, թե ինչպես են ռուսական տանկերն ու զրահամեքենաները բարձում երկաթուղային բեռնատար գնացքներ և ինչպես են դրանք վերադառնում իրենց ռազմական բազաներ:

Նախարարության խոսնակ Իգոր Կոնաշենկովը հայտարարել էր, որ Ուկրաինայի սահմանի մոտակայքում գտնվող որոշ ստորաբաժանումներ ավարտել են ռուսական տարածքում մարտական պատրաստության լայնածավալ զորավարժությունները և վերադարձել են իրենց բազաները երկաթուղային և ավտոմոբիլային տրանսպորտով և ոտքով: Սակայն զորքերը հետ քաշելու տեսողական ապացույցներ չկան։

Ուկրաինայի երեք կողմերում Ռուսաստանի կողմից մոտ 150,000 թվակազմով զորքեր տեղակայելու փաստը Վաշինգտոնի, Լոնդոնի և եվրոպական այլ պետությունների ստիպում է հավատալ, որ Մոսկվան պատրաստվում է ընդդեմ Ուկրաինայի հարձակման:

ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հետ հանդիպումից հետո այսօր սպասվում է Հյուսիսատլանտյան դաշինքի գլխավոր քարտուղարի հայտարարությունը:

Ուկրաինան, որտեղ այսօր նշում են միասնության տոնը, անցկացնում է լայնածավալ զորավարժություններ, փորձելով պատերազմական գործողությունների ընթացքում ռազմաօդային ուժերի կարողություններն ու պատրաստականությունը: Սու-27, Սու 24Մ եւ Միգ-29 մակնիշի կործանիչներն իրականացնում են պայմանական թշնամու դիրքերի դեմ հրթիռային հարձակումներ:

XS
SM
MD
LG