Մատչելի հղումներ

Երևանում բացվել է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը


High-Level Conference on Combating Racism, Xenophobia and Intolerance in Europe in Yerevan, 21 October, 2013
High-Level Conference on Combating Racism, Xenophobia and Intolerance in Europe in Yerevan, 21 October, 2013

Խորհրդաժողովն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում

Երևանում հոկտեմբերի 21-ին բացվել է «Պայքար Եվրոպայում խտրականության, այլատյացության և անհանդուրժողականության դեմ» բարձրաստիճան խորհրդաժողովը:

Խորհրդաժողովը, որն անցկացվում է Եվրոպայի խորհրդի Նախարարների կոմիտեում Հայաստանի նախագահության շրջանակներում, բացել են Հայաստանի արտգործնախարար, ԵԽ-ի Նախարարների կոմիտեի նախագահ Էդվարդ Նալբանդյանը և ԵԽ-ի Գլխավոր քարտուղար Թորբյորն Յագլանդը:

«Միջոցառման բացման արարողությանը ներկա էին և ելույթներով հանդես են եկել նաև ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատար Նիլս Մուիժնիկսը, ԵԽ-ի Տեղական և շրջանային իշխանությունների կոնգրեսի փոխնախագահ Մայքլ Օ’Բրայենը, ԵԱՀԿ-ի մամուլի ազատության հարցերով ներկայացուցիչ Դունյա Միյատովիչը, Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի հավասարության և խտրականության բացառման հանձնաժողովի անդամ Յոնաս Գունարսոնը, Եվրոպայի խորհրդի Միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների Կոնֆերանսի նախագահ Ժան-Մարի Հեյդտը, Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղարի տեղակալ Ֆադել Մոհամեդ Ջավադը», - ասված է Հայաստանի արտգործնախարարության մամուլի հաղորդագրության մեջ։

Խորհրդաժողովին մասնակցելու նպատակով Երևան են ժամանել Եվրոպայի խորհրդի անդամ երկրների, ԵԽ-ի հիմնական կառույցների՝ Ռասիզմի և անհանդուրժողականության դեմ եվրոպական հանձնաժողովի բարձրաստիճան ներկայացուցիչներ, Գլխավոր քարտուղարության, ինչպես նաև միջազգային հաստատությունների՝ ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, Եվրոպական միության և Արաբական պետությունների լիգայի ներկայացուցիչները:

«Երևանյան երկօրյա խորհրդաժողովի օրակարգում ընդգրկված են ԵԽ-ի անդամ պետությունների հասարակություններին հուզող այպիսի հարցեր, ինչպիսիք են ռասիզմի և ատելության խոսքի դրսևորումները քաղաքական բանավեճում, քաղաքական առաջնորդների և քաղաքացիական հասարակության դերը այդ երևույթների դեմ պայքարի գործում, կանխարգելող միջոցների արդյունավետ օգտագործումը, ռասայական կարծրատիպերի հաղթահարումը, այլատյացության ու անհանդուրժողականության դրսևորումների և ատելության խոսքի տարածման բացառումը և բազմաթիվ այլ հարցեր», - ասված է հաղորդագրության մեջ:
XS
SM
MD
LG