Մատչելի հղումներ

«Ուղևարձի բարձրացումը կասեցվել է, ժողովուրդը հաղթանակ է տարել»


«Հիմնականում սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների միջոցով կազմակերպված՝ տրանսպորտի կանգառներում սկիզբ առած ցույցերը վերածվել էին քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ բողոքի հասարակական շարժման»

«Քաղաքապետարանի կողմից հասարակական տրանսպորտի ուղևարձերի 50 տոկոսով թանկացման մասին որոշմամբ առաջացված բողոքի ցույցերի արդյունքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նախօրեին հրապարակել է ուղևարձերի բարձրացման մասին որոշումն ուժը կորցրած համարելու և ուղևարձերի նախկինում կիրառվող չափը վերականգնելու մասին որոշումը»:

Այս մասին գրում է Միացյալ Նահանգներում լույս տեսնող հայկական «Ասպարեզ» պարբերականը, որի համաձայն քաղաքապետ Մարգարյանը հայտնել է, թե արդեն իսկ մեկնարկել է փորձագետների և հետաքրքրված քաղաքացիների կողմից աշխատանքային խմբի ստեղծմանն ուղղված աշխատանքները: Սպասվում է, որ աշխատանքային խումբը կուսումնասիրի ուղևարձների բարձրացման մասին որոշումը և Երևանում հասարակական տրանսպորտի հետ կապված իրավիճակի բարելավման հնարավորությունները: Ըստ Մարգարյանի, ուղևարձերի բարձրացում չի կիրառվի այնքան ժամանակ, մինչև աշխատանքային խմբի կողմից չներկայացվի վերջնական զեկույցը:

Ըստ «Ասպարեզ»-ի, իր հայտարարության մեջ Մարգարյանը, փորձելով արդարացնել ուղևարձերի բարձրացման մասին որոշումը, ասել է, թե քաղաքապետի պաշտոնը ստանձնելու ժամանակից իր հիմնական նպատակներից մեկը եղել է Երևանի անկում ապրող տրանսպորտային համակարգի արդիականացումը՝ ապահովելու համար անվտանգ տեղափոխություն բոլոր ուղևորների համար:

Երևանի քաղաքապետը շեշտել է, որ նպատակ չէր հետապնդում դնելու հասարակական տրանսպորտի բարելավման բեռը արդեն իսկ տնտեսական մեծ դժվարությունների առջև կանգնած հասարակության ուսերին:

«Երևանում հասարակական տրանսպորտի ուղևարձերի թանկացման դեմ բողոքները սկսվել էին անցյալ շաբաթ՝ թանկացումների մասին որոշման ուժի մեջ մտնելուց մեկ օր առաջ», - հիշեցնում է պարբերականը: - «Հիմնականում սոցիալական մեդիայի և առցանց լրատվամիջոցների միջոցով կազմակերպված՝ տրանսպորտի կանգառներում սկիզբ առած ցույցերը վերածվել էին քաղաքապետարանի պաշտոնյաների դեմ բողոքի հասարակական շարժման»:

Հասարակական տրանսպորտի ուղևարձերի բարձրացման դեմ ակցիաների ընթացքում ձևավորվել էր «Ֆրի Քար»՝ «Անվճար մեքենա» անվանում ստացած նախաձեռնություն, որի կայքում տեղադրվում են հայտարարություններ ավտոմեքենաների սեփականատերերի կողմից, որոնք առաջարկում են իրենց սեփական մեքենաներով անվճար տեղափոխել Երևանի բնակիչներին՝ այս կերպ բողոք արտահայտելով ուղևարձի կտրուկ թանկացման դեմ:

Բողոքի ակցիաներին միացել էին նաև Հայաստանի ճանաչված մարդիկ, ովքեր իրենց մեքենաներով նույնպես առաջարկում են անվճար տեղափոխել Երևանի բնակիչներին:

Հասարակական տրանսպորտի ուղևարձի թանկացումների կապակցությամբ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանն էր պաշտոնական գրությամբ դիմել Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանին:

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանն իր գրության մեջ նշել էր որ տրանսպորտի սակագների թանկացման որոշումը անթույլատրելի է առանց պատշաճ հանրային քննարկման, բայց առավել դատապարտելի է, երբ նման թանկացումը կատարվում է օրենքի կոպիտ խախտումներով:

«Վստահ ենք, որ եթե սակագների բարձրացման գործընթացը եղել է օրենքի խախտմամբ, ապա ոչ միայն պետք է խիստ պատասխանատվության ենթարկվեն մեղավորները, այլև հուլիսի 20-ից հավելյալ գումարներ վճարած մեր համաքաղաքացիներին պետք է տրվի նյութական համարժեք փոխհատուցում», - նշել էր Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանը Երևանի քաղաքապետին ուղղված ուղերձում:
XS
SM
MD
LG