Մատչելի հղումներ

Եմենի զորքերն «ալ-Քաիդա»-ից ազատել են հարավային քաղաքներից մեկը


Եմենի կառավարական զինված ստորաբաժանումները գրավել են երկրի հարավում գտնվող՝ «ալ-Քայիդա»-ի հենակետը դարձած քաղաքներից մեկը:

Երկրի պաշտոնյաների և Ջար քաղաքի բնակիչների համաձայն, կառավարական ստորաբաժանումներն ու իրենց զինակից ցեղախմբերի մարտիկները երեքշաբթի առավոտյան ռմբակոծել են քաղաքը՝ ստիպելով «ալ-Քաիդա»-ին զինյալներին ազատել ավելի քան մեկ տարի առաջ վերջիններիս վերահսկողության տակ գտնվող տարածքները:

Կառավարական ուժերի զինծառայողներն ավելի ուշ մուտք են գործել Ջար՝ վերաբացելով երկրի Աբիան նահանգը հարավային Ադեն նավահանգստի հետ միացնող մայրուղին:

Մարտերի ընթացքում զոհվել է կառավարական ուժերի չորս զինծառայող, ոչնչացվել «ալ-Քաիդա»-ի ավելի քան 20 զինյալ:

Ականատեսների համաձայն, դեպի Շուքրա քաղաքը փախուստի դիմելուց առաջ «ալ-Քաիդա»-ն տարածել է թռուցիկներ, որտեղ հայցել է քաղաքի բնակիչների ներողամտությունը՝ նրանց ավելի քան մեկ տարի տևած հակամարտության մեջ ներքաշելու համար:

Զինյալներին անցյալ տարի հաջողվել էր գրավել Աբիան նահանգի Ջար, Զինջբար և Շուքրա քաղաքներն այն ընթացքում, երբ կառավարությունը հիմնականում զբաղված էր երկրի նախկին նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի դեմ ուղղված ապստամբությամբ: Սալեհին հաջորդած նախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին, Միացյալ Նահանգների աջակցությամբ, անցյալ ամսի զինյալների կողմից գրավված տարածքների ազատման հակագրոհ է ձեռնարկել:

XS
SM
MD
LG