Մատչելի հղումներ

Եմենի ժողովուրդը քվեարկել է Սալեհի փոխարինման օգտին


Եմենի ժողովուրդը քվեարկել է Սալեհի փոխարինման օգտին
Եմենի ժողովուրդը քվեարկել է Սալեհի փոխարինման օգտին

Եմենում երեքշաբթի օրն անցկացված քվեարկության արդյունքներով երկրի ժողովուրդը քվեարկել է նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհին իր պաշտոնից հեռացնելու և փոխարենը որպես պետության ղեկավար երկրի փոխնախագահին ընտրելու օգտին:

Նախագահ Սալեհին փոխարինող փոխնախագահ Աբեդ Ռաբո Մանսուր Հադին, որը եղել է կողմերի համաձայնությամբ քվեարկությանը ներկայացված միակ թեկնածուն, ասել է, թե քվեարկությունը դեպի ապագան միտված քայլ է, որը կատարվել է Սալեհի 33 տարի տևած նախագահության դեմ մոտ մեկ տարի տևած բողոքի ցույցերից հետո:

Եմենի մայրաքաղաք Սանայում գրանցվել է ընտրողների բարձր մասնակցություն, ընտրատարածքների մոտ գոյացել են մեծ հերթեր:

Երկրի հարավային շրջաններում սակայն, որտեղ տեղացի անջատողականները խոստացել են բոյկոտել ընտրությունները, ընտրողների մասնակցությունը բավականին ցածր էր: Հարավային Ադեն քաղաքում անջատողականները հափշտակել էին քվեարկության խցիկների ընդհանուր թվի մոտ կեսը, իսկ երկրի հյուսիսում գտնվող շիաների հենակետում ընտրատարածքներից շատերը փակ էին կամ լքված:

Եմենում այս քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեն ավելի քան 10 միլիոն քաղաքացի: Չնայած քվեարկության արդյունքը նախապես հայտնի է, սակայն քվեարկությանը քաղաքացիների բարձր մասնակցությունը կարևոր է, քանի որ դրա միջոցով Հադիին կտրվի իշխանության փոխանցման գործարքում նշված փոփոխությունների` երկրի նոր սահմանադրության մշակման, զինված ուժերի վերակազմավորման և բազմակուսակցական ընտրությունների անցկացման կատարման իրավունք:

XS
SM
MD
LG