Մատչելի հղումներ

Առվազն 37 զոհ՝ Եմենում բախումների պատճառով


Առվազն 37 զոհ՝ Եմենում բախումների պատճառով

Եմենի մայրաքաղաք Սանայում այս գիշերվա ընթացքում տեղի ունեցած բախումների պատճառով զոհվել է առնվազն 37 մարդ։

Մայրաքաղաքում ուրբաթ օրը հայտարարված զինադադարը երեքշաբթի առավոտյան խախտելուց հետո մարտերը վերսկսվել են մի քանի ճակատով։ Շեյխ Սադեք ալ-Ահմարին ցեղախմբերի մարտիկները գրոհել են կառավարական մի քանի շենք։

Նրանց համաձայն, վերահսկողություն է հաստատվել երկրի Ներքին գործերի նախարարության, ինչպես նաև նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի իշխող կուսակցության շենքերի նկատմամբ, սակայն կառավարությունը հերքում է այս հաղորդագրությունները։

Բախումները երեքշաբթի օրը շարունակվել են նաև հարավային երկու քաղաքում։ Իշխանությունների համաձայն, Զինջիբար քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատած մահմեդական զինյալների կողմից բացված կրակի պատճառով երեքշաբթի օրը զոհվել է առնվազն հինգ զինծառայող։

Թայիզ քաղաքում շարունակվող հակակառավարական ցույցերի մասնակիցների ուղղությամբ անվտանգության ուժերի կողմից բացված կրակի պատճառով զոհվել է առնվազն չորս մարդ։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Նավի Փիլեյը երեքշաբթի օրը քննադատել է ցուցարարների նկատմամբ բռնությունների սաստկացումը և հորդորել Եմենի կառավարությանը պահպանել երկրի քաղաքացիների մարդու իրավունքները։

XS
SM
MD
LG