Մատչելի հղումներ

Եմենում շարունակվում են բախումները կառավարական ուժերի և ցուցարարների միջև


Եմենի ընդդիմությանը հարող ցեղախմբերի առաջնորդներին հավատարիմ մարտիկներ (արխիվային լուսանկար)

Եմենի կառավարական ուժերի կողմից Թայիզ քաղաքում իրականացված գործողությունների պատճառով զոհվել է քաղաքացիական առնվազն ինը անձ:

Եմենի բժիշկների և ականատեսների համաձայն, քաղաքացիական անձինք զոհվել են երկրի զինված ուժերի կողմից Թայիզ քաղաքում բացված հրետանային կրակի հետևանքով:

Կառավարական ուժերը կրակ են բացել քաղաքի Ազատության հրապարակի մոտակայքում, որտեղ չեն դադարում Եմենի նախագահ Ալի Աբդուլլահ Սալեհի հրաժարականը պահանջող բողոքի ցույցերը:

Վերսկսվել են նաև բախումները երկրի նախագահ Սալեհին հավատարիմ ուժերի և ընդդիմությանը հարող ցեղախմբերի առաջնորդներին հավատարիմ մարտիկների միջև:

Եմենում տեղի ունեցած բռնությունները համընկել են ՄԱԿ-ի հանձնակատարի այցի հետ, որը ժամանել է այս երկիր՝ համոզելու նախագահ Սալեհին ընդունել իշխանությունը փոխանցելուն ուղղված նախաձեռնությունը:

Եմենի նախագահ Սալեհը նախկինում հրաժարվել է ստորագրել Միավորված ազգերի կազմակերպության կողմից սատարվող ծրագիրը, որի համաձայն ինքը պետք է իշխանությունը փոխանցի տեղակալին` փոխարենը ստանալով դատավարությունից անձեռնմխելիությունից:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից սատարվող ծրագիրը ստորագրելու փոխարեն Սալեհը պահանջել էր Պարսից ծոցի արաբական երկրների համագործակցության խորհրդի կողմից կազմված իշխանության փոխանցման ծրագրի իրականացման միջազգային երաշխիքներ:

XS
SM
MD
LG