Մատչելի հղումներ

Յանուկովիչ. «Ես մնում եմ Ուկրաինայի նախագահն ու գերագույն հրամանատարը»


Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանը 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու հանգամանքին՝ Յանուկովիչը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն իրավունք չունի «գումար տրամադրել ավազակներին»

Ուկրաինայի տապալված նախագահ Վիկտոր Յանուկովիչը երեքշաբթի օրը մեղադրել է իր ընդդիմախոսներին Ղրիմի կողմից Ուկրաինայից առանձնացնելու ուղղությամբ ձեռնարկվող քայլերի համար՝ նշելով, որ մնում է երկրի նախագահն ու գերագույն հրամանատարը:

Յանուկովիչն անցյալ ամիս Ուկրաինայից հակակառավարական զանգվածային ցույցերի պատճառով փախուստի դիմելուց հետո արդեն երկրորդ անգամ է հանդես գալիս հրապարակային հայտարարությամբ: Իր հայտարարությամբ Ուկրաինայի տապալված նախագահ հանդես է եկել Ռուսաստանի Դոնի Ռոստով քաղաքից:

Վիկտոր Յանուկովիչն իր ուղերձում «ծայրահեղականներ» է անվանել Ուկրաինայի ժամանակավոր իշխանություններին և «անօրինական» և «ոչ լեգիտիմ» է որակել երկրի նոր կառավարության կողմից այս տարվա մայիսի 25-ին անցկացվելիք նախագահական ընտրությունները:

Ուկրաինայի տապալված նախագահը, բացի այդ, իր հայտարարության մեջ քննադատության է ենթարկել Միացյալ Նահանգները: Անդրադառնալով ԱՄՆ-ի կողմից Ուկրաինայի ժամանակավոր կառավարությանը 1 միլիարդ դոլարի վարկային երաշխիքներ տրամադրելու հանգամանքին՝ Յանուկովիչը նշել է, որ Միացյալ Նահանգների կառավարությունն իրավունք չունի «գումար տրամադրել ավազակներին»:

Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսն այս ընթացքում հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասել է, որ Մոսկվայի կողմից Ղրիմում շարունակվող ճգնաժամը հանդարտելուն ուղղված առաջարկություններին դրական չարձագանքելու դեպքում Արևմուտքը կարող է արդեն այս շաբաթ ընդունել Մոսկվայի դեմ ուղղված պատժամիջոցները:

Ֆաբիուսի համաձայն, պատժամիջոցները կարող են ներառել Ռուսաստանի և Ուկրաինայի քաղաքացի հանդիսացող անձանց ակտիվների սառեցումն ու մուտքի արտոնագրերի տրամադրման հետ կապված սահմանափակումներ:
XS
SM
MD
LG