Մատչելի հղումներ

Ուկրաինայի նախագահը բռնությունների համար պատասխանատվությունը դրել է ընդդիմության վրա


Ուկրաինայի ընդդիմության առաջնորդ Վիտալի Կլիչկոն հորդորել է ցուցարարներին մնալ Կիևի Անկախության հրապարակում, որն ինքը «անկախության կղզի» է անվանել

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հորդորել է ընդդիմության առաջնորդներին հեռու մնալ «ծայրահեղականներից»:

Այս հայտարարությամբ նախագահ Յանուկովիչը հանդես է եկել Ուկրաինայի ընդդիմության հետ երեքշաբթի լույս չորեքշաբթի օրն անցկացված բանակցություններից հետո, որոնց արդյունքներով որևէ առաջընթաց չի գրանցվել:

Յանուկովիչն իր հայտարարության մեջ մեղադրել է ընդդիմությանը Ուկրաինայի մայրաքաղաք Կիևում տեղի ունեցած բռնությունների մեջ՝ միաժամանակ ասելով, թե «դեռևս ուշ չէ վերջ տալու հակամարտությանը»:

Հակակառավարական ցուցարարների և ոստիկանության ուժերի միջև Կիևում փետրվարի 18-ին սկսված բախումների հետևանքով զոհվել է առնվազն 25 մարդ: Զոհվածների թվում է ոստիկանության մի քանի ծառայող, որոնց մահը վրա է հասել հրազենային կրակոցների հետևանքով:

Ընդդիմության առաջնորդներ Վիտալի Կլիչկոն և Արսենիյ Հացենյուկը հանդիպում են ունեցել Ուկրաինայի նախագահի հետ փետրվարի 19-ի վաղ առավոտյան, որից հետո սակայն ասել են, որ բանակցությունների արդյունքներով երկրում ստեղծված ճգնաժամին որևէ լուծում չի գտնվել:

Կլիչկոյի համաձայն, Յանուկովիչը հրաժարվել է հետ քաշել Կիևի Անկախության հրապարակ՝ Մայդան ուղարկված ոստիկանության հատուկ ուժերը:

«Ես շատ դժգոհ եմ, քանի որ որևէ քննարկում տեղի չի ունեցել, և նախագահը պարզապես չի ցանկանում լսել ընդդիմությանը: Նրանք պարզապես չեն ցանկանում լսել. նրանց կարծիքով՝ գոյություն ունի միակ մեկ միջոց, այն է՝ ընդդիմությանը և բոլոր ցուցարարները պետք է դադարեցնեն բողոքի ցույցերը, այդ է ասել նախագահը: Այժմ սակայն դադար տալը չափազանց կարևոր է», - ասել է Կլիչկոն:

Վիտալի Կլիչկոն միաժամանակ հորդորել է ցուցարարներին մնալ Կիևի Անկախության հրապարակում, որն ինքը «անկախության կղզի» է անվանել:

ԱՄՆ-ի փոխնախագահ Ջո Բայդենն Ուկրաինայի նախագահի հետ ավելի վաղ ունեցած հեռախոսազրույցում «խիստ մտահոգություն» էր արտահայտել երկրում ստեղծված իրավիճակով և հորդորել էր նախագահ Յանուկովիչին հետ քաշել կառավարական ուժերը և առավելագույն զսպվածություն դրսևորել:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին իր հերթին ասել էր, որ Միացյալ Նահանգները «ցնցված է» Ուկրաինայում տեղի ունեցած բռնությունների մասին հաղորդագրություններով:
XS
SM
MD
LG