Մատչելի հղումներ

Այսօր նշվում է Մամուլի ազատության համաշխարհային օրը


«Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անպատժելիության ցուցիչ» զեկույցը

Աշխարհում մայիսի 3-ին արդեն 20-րդ անգամ նշվում է Մամուլի ազատության օրը, որը 1993 թվականին հռչակվել էր ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի որոշմամբ՝ հետևելով ՅՈՒՆԵՍԿՈ-ի ընդհանուր համաժողովի ընթացքում մշակված առաջարկությունների:

Այդ ժամանակից 1991 թվականին ընդունված՝ աֆրիկյան մամուլի ազատության և բազմակարծության սկզբունքները սահմանող Վինդհուքի հռչակագրի ընդունման օրը, մայիսի 3-ը, նշվում է որպես Մամուլի ազատության համաշխարհային օր:

Մամուլի ազատության համաշխարհային օրվա նախօրեին «Լրագրողների պաշտպանության կոմիտե» իրավապաշտպան կազմակերպությունը հրապարակել է «Անպատժելիության ցուցիչ» անվանումը կրող զեկույցը, որտեղ որոշվում է լրագրողների մասնագիտական գործունեության հետ կապված չբացահայտված սպանությունների թվի հարաբերությունը համապատասխան երկրների բնակչության թիվը հետ: Ցուցիչի հիմքում ընկած են 2003 թվականի հունվարի 1-ից մինչև 2012 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում լրագրողների չբացահայտված սպանությունների մասին տվյալները:

Այս տարվա զեկույցում լրագրողների չբացահայտված սպանությունների ցուցանիշով առաջին տեղը զբաղեցնում է Իրաքը, որտեղ վերջին տասը տարվա ընթացքում սպանված 93 լրագրողների գործերով որևէ մեղադրական չի ներկայացվել:

Կազմակերպության կողմից հրապարակված զեկույցի առաջին տասնյակի մեջ, հետևելով Իրաքին, մտնում են Սոմալին, Ֆիլիպինները, Շրի Լանկան, Կոլումբիան, Աֆղանստանը, Մեքսիկան, Պակիստանը, Ռուսաստանն ու Բրազիլիան:

Սպանված լրագրողների մեծամասնությունը, ըստ զեկույցի, աշխատում էին իրենց երկրների տարածքում: Լուսաբանման համար ամենավտանգավոր ոլորտ է մնում քաղաքական լրագրությունը (զոհվածների 30%), որին հետևում է կաշառակերության հետաքննությունը (զոհվածների 20%):
«Անպատժելիության ցուցիչ» զեկույցում սպանությունների դեպքերի 26 տոկոսն իրականացնելու մեջ որպես կասկածյալ են նշված պետական պաշտոնյաները: Սպանված լրագրողների 48 տոկոսը առևանգվել կամ մահվանից առաջ կտտանքների է ենթարկվել:

«Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի տվյալների համաձայն, 2013 թվականի սկզբից գրանցվել է լրագրողների սպանության 17 դեպք, որոնց դրդապատճառները հաստատվել են: Լրագրողների սպանությունների ամենամեծ թիվը՝ յոթ լրագրող, գրանցվել է Սիրիայում, սակայն այս երկիրը չի մտել «Անպատժելիության ցուցիչ»-ի մեջ, քանի որ այնտեղ սպանված լրագրողների մեծ մասի մահը վրա է հասել փոխհրաձգությունների հետևանքով, չորս լրագրող է սպանվել Պակիստանում, երեքը՝ Բրազիլիայում, երկուսը՝ Սոմալիում, մեկ լրագրող սպանվել է Թուրքիայում:

2013 թվականի սկզբից, ըստ իրավապաշտպան կազմակերպության, առանց հաստատված դրդապատճառների գրանցվել է լրագրողների սպանության ևս 9 դեպք:

Ընդհանուր առմամբ, ըստ «Լրագրողների պաշտպանության կոմիտե»-ի, աշխարհում 1992 թվականից 594 լրագրողների սպանության դեպքերն անպատիժ են համարվում: Իրավապաշտպանների համաձայն, հանցագործների անպատժելիության հետևանքով ավելանում են «ոչ հարմար» մամուլի ներկայացուցիչների դեմն ուղղված բռնությունների, ինչպես նաև ինքնագրաքննության դեպքերը:
XS
SM
MD
LG