Մատչելի հղումներ

Համաշխարհային բանկը Հայաստանի հետ վարկային երեք պայմանագիր է կնքել


Համաշխարհային բանկը Հայաստանի հետ վարկային երեք պայմանագիր է կնքել
Համաշխարհային բանկը Հայաստանի հետ վարկային երեք պայմանագիր է կնքել

Հայաստանի ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը և Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ղեկավար Ժան-Միշել Հափին կնքել են վարկային երեք պայմանագիր, որոնք իրականացվելու են 2009-2012 թթ. ժամանակահատվածում։

«PanARMENIAN.Net» համացանցային լրատվամիջոցի փոխանցմամբ, վարկային առաջին ծրագրի շրջանակներում Հայաստանի կառավարությանը տրամադրվելու է երկրում աղքատությունը նվազեցնելուն և տնտեսությունը վերականգնելուն ուղղված վարկ, որի ծավալը կազմելու է 25 միլիոն դոլար, որից 21 միլիոն դոլարը տրամադրվելու է արտոնյալ պայմաններով։

Վարկային երկրորդ ծրագիրն ուղղված է ձեռնարկություններում նորամուծությունների ներմուծության համար առկա խոչընդոտները հաղթահարելուն և էլեկտրոնային մրցունակ համայնք ստեղծելուն։ Այս նպատակով Համաշխարհային բանկի կողմից տրամադրվող վարկի չափը կազմելու է 24 միլիոն դոլար։ Վարկը տրամադրվելու է առևտրային պայմաններով։

Երրորդ վարկը, որի ծավալը կազմելու է 19 միլիոն դոլար, ուղղված է լինելու Հայաստանում առողջապահության համակարգի կառավարման արդյունավետության բարձրացմանը և երկրի տարածաշրջաններում մատուցվող բժշկական ծառայությունների արդիականացմանը։ Այս վարկը նույնպես տրամադրվելու է առևտրային պայմաններով։

XS
SM
MD
LG