Մատչելի հղումներ

Թուրքիայում արհմիությունը գործադուլ է մեկնարկել՝ բողոքելով հանքագործության վատ պայմաններից


Պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայի արևմուտքում գտնվող Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 282-ի

Թուրքիայի ամենախոշոր արհմիություններից մեկը՝ Հանրային աշխատողների կոնֆեդերացիան, որը ներկայացնում է հարյուր հազարավոր աշխատավորների, հինգշաբթի օրը գործադուլ է մեկնարկել՝ բողոքելով երկրի հանքագործության ոլորտում տիրող անվտանգության ցածր ստանդարտներից:

Պաշտոնական տվյալների համաձայն, Թուրքիայի արևմուտքում գտնվող Սոմա քաղաքի ածխահանքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվածների թիվը հասել է 282-ի:

Թուրքիայի պետական պաշտոնյաների համաձայն, արդեն հաջողվել է փրկել 450 հանքագործ: Ածխահանքում իրականացվող փրկարարական աշխատանքներին այժմ խոչընդոտում է այնտեղ շարունակվող հրդեհը, որի պատճառով հանքից դեռևս չի հաջողվել դուրս բերել 120 մարդ:

Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն առաջացրել է Սոմա քաղաքի բնակիչների զայրույթն իր հայտարարությամբ, որի համաձայն հանքերում տեղի ունեցող վթարները «սովորական երևույթ են»:

«Նման վթարներ տեղի են ունենում ոչ միայն Թուրքիայում: Դրանք տեղի են ունենում նաև բազմաթիվ այլ երկրներում, օրինակ՝ Միացյալ Նահանգներում, Չինաստանում, Ֆրանսիայում, Հնդկաստանում և Բելգիայում: Եթե հիմք ընդունենք զոհվածների թիվը՝ մեր երկիրը շատ ավելի լավ դրության մեջ է», - ասել է Թուրքիայի վարչապետը:

Իր հայտարարություններից հետո Թուրքիայի վարչապետ Էրդողանն ամբոխից փրկվել էր քաղաքի մթերային խանութներից մեկում:

Բողոքի ցույցեր են անցկացվել նաև Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում, որտեղ ոստիկանությունը արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ է կիրառել էներգետիկայի նախարարության ուղղությամբ շարժվող ցուցարարների նկատմամբ: Ստամբուլում բողոքի ցույց է անցկացվել Սոմայում վթարված հանքի սեփականատեր ընկերության գլխավոր գրասենյակի մոտակայքում:
XS
SM
MD
LG