Միացյալ Նահանգներում հինգ հազարից ավելի գինեգործական արտադրամասներ կան: Կալիֆորնիան երկրի առավել հայտնի գինեգործական նահանգն է, որի գինեգործներն ազդեցություն ունեն համաշխարհային շուկայի վրա:
Լոս Անջելեսի կենտրոնին հարակից Սան Անտոնիո խաղողի այգում և կից գործող գինու արտադրամասում արտադրվում են սեղանի էժան գինիներ զանգվածային շուկայի և ներգաղթածների ընտանիքների համար ճիշտ այնպես, ինչպես դա անում էին մեկ դար առաջ:
Այսօր այդ գինիները կազմում են ընկերության վաճառքի միայն մի փոքր մասը: Սան Անտոնիո գինու արտադրամասի տնօրենի տեղակալ Սթիվ Ռիբոլիի խոսքերով՝ գինետունը տարեկան մեկ և կես միլիոն արկղ գինի է արտադրում:
«Հավանաբար 50 հազար արկղը մեր ավանդական սեղանի գինիներն են, հսկայական մաս կազմում են տարբեր գինիներ ՝ կաբերնե, պինո նոար, շարդոնե, ռիսլինգ», - ասում է Ռիբոլին:
Համտեսելու ժամանակակից սենյակում գինի ըմպողներին ներկայացվում են բարձրորակ գինիներ՝ ստացված խաղողի հատուկ տեսակներից:
Սան Անտոնիո գինու արտադրամասն ընտանեկան բիզնես է: Ռիբոլիի հայրը՝ Ստեֆանոն, 1930-ականներին դեռևս դեռահաս տարիքում աշխատել է այս արտադրամասում, իսկ հորեղբայրը 1917 թվականին հիմնել է գինու այս արտադրամասը, որը նախկինում իտալացի ներգաղթողների համար նույնիսկ որպես տուն էր ծառայում:
Գինեգործությունը վերապրեց 1919-ից 1933 թվականները Միացյալ Նահանգներում գործած «Չոր օրենքը»՝ ոգելից խմիչքների օգտագործման արգելքը՝ թույլտվություն ստանալով գինի պատրաստել հռոմեական կաթոլիկ եկեղեցու ծիսակատարության համար:
Արտադրության մի մասը դեռ կատարվում է քաղաքի պատմական կենտրոնում: Գինեգործներից Արնոդ Դիբոնսը արտադրանքը փորձում է արտադրության ամեն փուլում: Վերապատրաստված լինելով Ֆրանսիայում՝ Դիբոնսն ասում է, որ յուրաքանչյուր շրջանում աճած խաղողի և պատրաստված գինու համը տարբեր է:
«Գինի պատրաստելիս չկա ճիշտ կամ սխալ եղանակ, կան գինու տարբեր տեսակներ, որոնց պատրաստության համար օգտագործվում է որոշակի արտադրանք, խաղող, տակառ», - ասում է Դիբոնսը:
Սան Անտոնիո գինու արտադրամասի տնօրենի տեղակալ Սթիվ Ռիբոլիի խոսքերով՝ գինիների մի մասը նախատեսված է Չինաստանի համար, մեկ այլ մասը՝ գինիների նոր շուկայի՝ Ասիական այլ պետությունների համար: Նրա համաձայն, արտադրանքի 15-ից 20 տոկոսն արտահանվում է:
«Այսօր Չինաստանն ակնհայտորեն հսկայական շուկա է», - ասում է Ռիբոլին:
Ըստ Ռիբոլիի, հնարավոր է զարգացնել նաև Միացյալ Նահանգներում այն շուկան, որը կազմված է սնունդ ընդունելիս գինի դեռևս չօգտագործող սպառողներից։
«Ամերիկայում դեռ երկար ճանապարհ ունենք անցնելու, քանի որ շատ սպառողները դեռևս նոր են սովորում գինի խմել: Մեր 300 միլիոն բնակչությունից 100 միլիոնը հավանաբար կամ երբևէ չի խմել և կամ չի սիրում գինի», - ասում է Ռիբոլին:
Ըստ Ռիբոլիի, այս դարում գինու ընտանեկան այս արտադրամասը պետք է կարողանա ավելի արագ հարմարվել փոփոխությունների, կրթի սպառողներին և ձեռնարկի աշխարհում նոր շուկաներ հայնաբերելուն ուղղված աշխատանք: