Մատչելի հղումներ

Սնոուդենին հանձնելու բանակցությունները կգլխավորի Ուիլյամ Բերնսը


ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալը զբաղեցրել էր Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը երկու պետությունների հարաբերություններում հատկապես դժվար շրջանում

ԱՄՆ-ի արտգործնախարարի տեղակալ Ուիլյամ Բերնսին հանձնարարվել է Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունների փախուստի մեջ գտնվող նախկին կապալառու Էդվարդ Սնոուդենին ԱՄՆ-ին փոխանցելու անհրաժեշտության մեջ Ռուսաստանին համոզելու դժվարին առաջադրանքը:

57-ամյա կարիերային դիվանագետ Բերնսը նախկինում հանդիպումներ է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այն ժամանակ, երբ զբաղեցնում էր Մոսկվայում ԱՄՆ-ի դեսպանի պաշտոնը երկու պետությունների հարաբերություններում հատկապես դժվար շրջանում:

«Բերնսն այն մարդն է, որն այժմ կարող է գլխավորել այս հատկապես դժվարին առաքելությունը», - ասել է Վաշինգտոնում գործող Ռազմավարական և միջազգային հետազոտությունների Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրի ղեկավար Էնդրյու Քաչինսը:

ԱՄՆ-ի արտգործնախարար Ջոն Քերին այս շաբաթվա սկզբին հայտնել է, որ Բերնսը մի քանի հեռախոսազրույց է ունեցել Մոսկվայի հետ կիրակի օրը Մոսկվայից Հոնկոնգ Սնոուդենի ժամանելուց հետո:

ԱՄՆ-ի պաշտոնյաների համաձայն, դեռևս հայտնի չէ, թե արդյոք Բերնսը կայցելի Մոսկվա՝ Սնոուդենի գործով բանակցություններ վարելու համար: Միացյալ Նահանգների արտգործնախարարության ներկայացուցիչները հրաժարվել են նաև հայտնել, թե արդյոք Բերնսը լրացուցիչ զանգեր է կատարել Մոսկվա:

Ուիլյամ Բերնսը զբաղեցրել է Ռուսաստանում Միացյալ Նահանգների դեսպանի պաշտոնը 2005-ից 2008 թվականներն ընկած ժամանակաշրջանում, որի ընթացքում Վրաստանում, Ուկրաինայում և Ղրղզստանում տեղի էին ունեցել «գունավոր հեղափոխություններ», ինչպես նաև Ռուսաստանի ներխուժումը Վրաստան: Այս բոլոր իրադարձությունները հանգեցրել էին ռուս-ամերիկյան հարաբերությունների բարդացման:
XS
SM
MD
LG