Մատչելի հղումներ

Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է Ասանժի բողոքարկումը


Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է Ասանժի բողոքարկումը
Մեծ Բրիտանիայի դատարանը մերժել է Ասանժի բողոքարկումը

Լոնդոնի դատարանը չորեքշաբթի օրը մերժել է «Վիքիլիքս»-ի հիմնադիր Ջուլիան Ասանժի բողոքարկումը:

Դատարանը որոշում է կայացրել Ասանժին հանձնել Շվեդիային' բավարարելով այդ երկրի դատախազության համապատասխան հայցը:

Շվեդիան պահանջում է հանձնել Ջուլիան Ասանժին՝ վերջինիս մեղադրելով սեռական բնույթի հանցագործություններ կատարելու մեջ:

Ասանժը հերքում է նման որևէ հանցագործություն կատարելու հանգամանքը և պնդում, որ այդ երկրի իշխանություններին հանձնելու պահանջների հիմքում քաղաքական դրդապատճառներ են ընկած։ Նա մտահոգություններ ունի, որ այդ երկրում արդար դատաքննության անցկացումը կարող է անհնար լինել։

40-ամյա Ասանժի կողմից «Վիքիլիքս» կայքում գաղտնի նյութերի հրապարակումները մեծ աղմուկ էին բարձրացրել լրատվամիջոցներում և առաջացրել Միացյալ Նահանգների կառավարության զայրույթը։

ԱՄՆ-ի կառավարությունն ուսումնասիրում է գաղտնի նյութերի հրապարակման հետ կապված Ասանժին քրեական հանցագործություն կատարելու մեջ մեղադրանքներ ներկայացնելու հնարավորությունը։ Ասանժի համաձայն, իրեն Շվեդիա տեղափոխելու դեպքում նա վերջո հանձնվելու է Միացյալ Նահանգների իշխանություններին։

Ջուլիան Ասանժը երկու շաբաթ առաջ հանդես է եկել հայտարարությամբ՝ ասելով, որ կազմակերպությունը դադարեցնում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը և կենտրոնանում ֆինանսական միջոցներ հայթայթելու աշխատանքների վրա:

«Վքիլիլիքս»-ի հիմնադրի համաձայն, ամերիկյան «Visa», «Mastercard» և «PayPal» ընկերությունների կողմից իրականացվող «ֆինանսական շրջափակման» պատճառով «Վիքիլիքս»-ը պետք է ակտիվ գործողություններ ձեռնարկի՝ իր գոյությունը պահպանելու համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ ձեռք բերելու ուղղությամբ:

XS
SM
MD
LG