Մատչելի հղումներ

«Վիքիլիքս»-ի գործով կասկածյալը կանգնելու է ԱՄՆ-ի դատարանի առջև


Միացյալ Նահանգների զինված ուժերի շարքային Բրեդլի Մենինգ

Միացյալ Նահանգների զինված ուժերի զինծառայող Բրեդլի Մենինգը, որը մեղադրվում է գաղտնի և ներքին օգտագործման համար նախատեսված հազարավոր փաստաթղթեր «Վիքիլիքս» համացանցային կայքին փոխանցելու մեջ, ուրբաթ օրը կանգնելու է ԱՄՆ-ի ռազմական դատարանի առջև:

ԱՄՆ-ի ռազմական դատարանի մեղադրող կողմը արևելյան Մերիլենդ նահանգում գտնվող Ֆորտ Միդ ռազմակայանում մեկնարկող նախադատական գործընթացի ժամանակ մեղադրանքներ է ներկայացնելու 23-ամյա շարքային Բրեդլի Մենինգի դեմ:

Հետախուզության նախկին վերլուծաբան Մենինգը մեղադրվում է 2009 թվականի նոյեմբերից մինչև 2010 թվականի մարտ ամիսներն ընկած ժամանակահատվածում Իրաքի մայրաքաղաք Բաղդադի մոտակայքում գտնվող ռազմակայանից մեկում ծառայություն անցնելու ժամանակ գաղտնի հարյուր հազարավոր ֆայլերի անօրինական ներբեռնման մեջ:

Մեղադրող կողմի համաձայն, ներբեռնելուց հետո շարքային Մենինգը ֆայլերը փոխանցել է «Վիքիլիքս»-ին, որը սկսել է դրանց հրապարակումը 2010 թվականի հուլիս ամսին:

ԱՄՆ-ի պաշտոնատար անձանց համաձայն, Մենինգի կողմից «Վիքիլիքս»-ին նյութեր տարածելու պատճառով վտանգվել է բազմաթիվ մարդկանց կյանքը, ԱՄՆ-ի ազգային անվտանգությունը և վնաս է հասցվել այլ պետությունների հետ Միացյալ Նահանգների հարաբերություններին:

Շարքային Մենինգի դեմ ներկայացվելու է մի շարք մեղադրանք, ներառյալ «թշնամուն օգնելու» մեղադրանքը, որի համար մահապատիժ է նախատեսված:

Մեղադրող կողմը նշել է, որ մահապատիժ չի պահանջելու Մենինգի համար, սակայն վերջինս մեղավոր ճանաչվելու դեպքում կարող է դատապարտվել ցմահ ազատազրկման:

XS
SM
MD
LG