Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի դաշնային ծրագիրն օգնում է ծանր վիճակում գտնվող կանանց և երեխաներին


ԱՄՆ-ի դաշնային ծրագիրն օգնում է ծանր վիճակում գտնվող կանանց և երեխաներին

Դաշնային պակասորդը կրճատելու քաղաքական ճնշումը մեծանում է Միացյալ Նահանգներում: Կրճատվող դաշնային ծրագրերից է նաև «Կանանց, մանուկների և երեխաների համար հատուկ հավելյալ սնունդ» ծրագիրը: Վերջերս հանրապետականների վերահսկողությամբ ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի հաստատած ծրագիրը կրճատել է «Հավելյալ սնունդ» ծրագրի ֆինանսավորումը գրեթե 11 տոկոսով:

Վեցամյա Ջայլան առողջ է՝ բժշկական վերջին ստուգման համաձայն: Մայրը՝ Ջեսիքա Փրոքթըը, նրան «Մերի» կենտրոն է բերել կշռելու, չափելու և ընդհանուր ստուգման համար: Կենտրոնը առողջապահական և սոցիալական ծառայություններ է տրամադրում Վաշինգտոնի համայնքի ցածր եկամուտ ունեցող անդամներին: «Հավելյալ սնունդ» ծրագրի կանայք և երեխաները պարբերաբար այստեղ են գալիս խորհրդատվության և խնամքի համար:

«Ես ծրագրին միացա, երբ երեք ամսական հղի էի: Մինչ այդ անառողջ սնունդ էի ընդունում, իսկ ծրագիրն օգնեց ինձ ճիշտ սննդակարգ ունենալ՝ մրգեր, բանջարեղեն: Մինչ այդ ես չէի օգտագործում կաթ, պանիր, և այլ օգտակար սննդամթերք”:

Այս ծրագրի շրջանակներում մայրերը սովորում են ճիշտ սնվել հղի ժամանակ, որպեսզի կարևոր սնուցիչներ փոխանցեն չծնված երեխային: Երեխայի ծնվելուց հետո խորհրդատուները սովորեցնում են կրծքով կերակրող մայրերին ինչպես իրենք սնվեն և կերակրեն երեխային: Մայրերը նաև կտրոններ են ստանում առողջ, միայն առողջ սնունդ գնելու համար:

«Կաթ, հացահատկեղեն, միրգ, բանջարեղեն, ոլոռ, հյութ, հաց: Հաճախ մարդիկ նման սնունդ գնելու համար գումար չունեն» , - ասում է ծրագրի մասնակիցներից մեկը:

Մյուսն ասում է, որ ծրագիրը օգտակար խորհուրդներ է տրամադրում՝ ուղղություն, թե ինչպես լավագույնը տալ երեխային:

Սակայն շատ կոնգրեսականներ, մտահոգված լինելով բյուջետային սահմանափակումներով, վտանգում են «Հավելյալ սնունդ» ծրագիրը:

«Այժմ, երբ գործազրկությունն աճում է, և հսկայական գումարներ են տրամադրվում պաշտպանությանը և պատերազմական ծախսերին, խնայողությունը կատարվում է «Հավելյալ սնունդ» ծրագրի հաշվին» - ասում է ծրագրի ղեկավարներից մեկը:

Թղթակից Փիթ Կասպերովիչի համաձայն, հանրապետականները ցավում էին դրա համար:

«Նրանք գիտեին, որ ցանկալի չէ կրճատել մի ծրագիր, որ կոչվում է «Կանայք, մանուկներ և երեխաներ», ինչը դեմոկրատներին հանրապետականներին մեղադրելու առիթ կտա։ Սակայն նրանք պնդում են, որ հատկացվող միջոցներն ավելին են, քան անհրաժեշտ է», - ասում է Կասպերովիչը:

Ըստ հանրապետականների՝ քիչ մարդ է օգտվում ծրագրից, ուստի քիչ գումարներ են հարկավոր:

«Որպես երկիր մենք գնում ենք տնտեսական փլուզման, եթե չդադարենք ծախսել գումարներ, որ չունենք» - ասում է ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի անդամ, հանրապետական Փոլ Բրաունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսում օրենքի ընդունումը չի նշանակում, որ գումարները կկրճատվեն: Սենատը պետք է իր որոշումը կայացնի Ծրագրի օրինագծի վերաբերյալ: Ըստ վերլուծաբանների՝ սա հավանական չէ, քանի դեռ չեն ավարտվել պարտքի առավելագույն չափի շուրջ բանավեճերը:

Սակայն սովի դեմ պայքարող ակտիվիստները դեռ դժգոհում են Կոնգրեսի գործողություններից: Նրանք ասում են, որ առողջ մեծանալու համար երեխաներին կերակրելը կանխարգելիչ և ծախսերի առումով արդարացված քաղաքականություն է, որն իմաստ ունի:

«Հաց կյանքի համար» սովի դեմ պայքարող ամերիկյան խումբն 2011թվականի հունիս ամսվա սկզբին հարյուրավոր ակտիվիստներ էր հավաքել՝ բարձրաձայնելու ամբողջ աշխարհում կանանց և մանուկների սնուցումը բարելավելու խնդրի մասին: ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթընն էլ է հաճախ խոսում այդ խնդրի մասին:

«Նախագահ Օբամայի կառավարությունը զարգացման ջանքերում, այդ թվում՝ առողջապահության գլոբալ նախաձեռնության ծրագրում մեծ տեղ է հատկացնում կանանց և երեխաներին» - ասում է ԱՄՆ-ի արտգործնախարար Հիլարի Քլինթընը:

Սակայն Միացյալ Նահանգներում «Հավելյալ սնունդ» ծրագրի ղեկավարներն արդեն մտահոգված են, թե ինչպես է հնարավոր ավելի շատ աշխատանք կատարել՝ ավելի քիչ գումար ծախսելով:

Ջեսիքա Փրոքթըրը ցնցված էր՝ լսելով ծրագրի հնարավոր կրճատման մասին:

«Հուսով եմ՝ չեն կրճատի ծրագիրը, դա այնքան կվնասի մայրերին և երեխաներին» - ասում է Փրոքթըրը:

XS
SM
MD
LG