Մատչելի հղումներ

«Whole Foods»-ին մեղադրում են խտրականության մեջ


Նյու Մեքսիկո նահանգում գտնվող «Whole Foods Market» ընկերության խանութներից մեկի աշխատողները դժգոհ են աշխատավայրում իսպաներեն խոսելն արգելելու հանգամանքով

ԱՄՆ-ի իրավապաշտպան կազմակերպություններից մեկը Նյու Մեքսիկո նահանգի կառավարությանը բողոք է ներկայացրել «Whole Foods Market» պարենային ցանցի վերաբերյալ՝ մեղադրելով ընկերությունն Ալբուքերք քաղաքում գտնվող խանութներից մեկում իսպանախոս աշխատողների՝ Բրայան Բալդիզանայի և Լուպե Գոնսալեսի նկատմամբ խտրականություն դրսևորելու մեջ:

Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության Նյու Մեքսիկո նահանգի մասնաճյուղը դիմել է նահանգի մարդու իրավունքների պաշտպանության գրասենյակ «Whole Foods Market»-ի երկու աշխատողների անունից, որոնց համաձայն խանութի ղեկավարությունն անցյալ ամիս հեռացրել էր նրանց աշխատանքից մեկ օրով, քանի որ վերջիններս փորձել էին բողոքարկել խանութում իբր գործող իսպաներեն չխոսելու քաղաքականությունը:

«Ես մեծացել եմ Նյու Մեքսիկոյի հյուսիսում, և իսպաներենն իմ մայրենի լեզուն է, որով ես խոսում էի ծնողներիս հետ: Ծնողներս միշտ ասել են, որ ես պետք է հպարտանամ իմ լեզվով և իմ մշակութային ժառանգությամբ», - ասել է Գոնսալեսը՝ հավելելով. «Երբ գործատուս ասում է ինձ, որ ես իսպաներեն խոսելու ընդհանրապես որևէ իրավունք չունեմ, ապա նրանք արգելք են դնում իմ անձնավորության ամբողջականության մի զգալի մասի նկատմամբ»:

«Իսպաներենի, որն այստեղ լայն տարածում ուներ գրեթե հինգ դարի ընթացքում, օգտագործման համար աշխատողի նկատմամբ իրականացված խտրականությունը վիրավորանք է մեր նահանգի պատմության, մշակույթի և արժեքների նկատմամբ», - շեշտել է Քաղաքացիական ազատությունների պաշտպանության ամերիկյան միության Նյու Մեքսիկո նահանգի մասնաճյուղի տնօրեն Փեթեր Սիմոնսոնը:

«Whole Foods Market» ցանցի լեզվական քաղաքականության վերաբերյալ հաղորդագրությունը բողոքի ալիք է բարձրացրել իսպանախոս ամերիկացիներին միավորող կազմակերպությունների շրջանում: Առևտրային ցանցը, որի գլխավոր մասնաճյուղը գտնվում է Տեխաս նահանգում, ավելի ուշ վերանայել է իր աշխատողների կողմից լեզուների օգտագործման վերաբերյալ քաղաքականությունը:

ԱՄՆ-ի Կոնգրեսն այժմ քննարկվում է երկրի ներգաղթային համակարգի բարեփոխումների նախագիծը, որի ընդունման դեպքում Միացյալ Նահանգներում օրինական կարգավիճակ կստանա ավելի քան 11 միլիոն այժմ անօրինական համարվող ներգաղթական, որոնց հիմնական մասը կազմում են Լատինական Ամերիկայից Միացյալ Նահանգներ ժամանած մարդիկ:
XS
SM
MD
LG