Տուբերկուլյոզը վերահսկելու համաշխարհային ջանքերի շուրջ Առողջապահության համաշխարհային կազմակերպության տարեկան զեկույցն առաջին անգամ վկայում է, որ տուբերկուլյոզով հիվանդացող և այս հիվանդությունից մահացող մարդկանց թիվը նվազել է:
Այդ զեկույցի համաձայն, բացի Աֆրիկայից, յուրաքանչյուր տարածաշրջանում տուբերկուլյոզից մահացությունը մինչև 2015 թվականը հնարավոր կլինի կրճատել 50 տոկոսով: Սակայն փորձագետները զգուշացրել են, որ տնտեսական անկումը կարող է չեզոքացնել այս առաջընթացը:
Առողջապահության համաշխարհային կազմակերպության Տուբերկուլյոզի վերահսկման ծրագրի տնօրեն, բժիշկ Մարիո Ռավիլիոնեն մտահոգություն է արտահայտել, որ այս ձեռքբերումները կարող են զրոյանալ:
«Դա է պատճառը, որ կոչ ենք անում ուժեղացնել տուբերկուլյոզի վերահսկումն ու հետազոտական աշխատանքների անցկացումը», - ասել է Ռավիլիոնեն:
Ալերգիայի և վարակիչ հիվանդությունների ազգային ինստիտուտի տնօրեն բժիշկ Էնթընի Ֆաուսիի համաձայն, տուբերկուլյոզով վարակվելու ցուցանիշի նվազումը լավ լուր է, սակայն դեռ երկար ճանապարհ կա անցնելու:
«Տուբերկուլյոզը, հատկապես դրա վերահսկումը դեռ հսկայական խնդիր է, քանի որ դեռ չունենք դրա դեմ պայքարի կատարելագործված միջոցներ, ինչպիսիք կան այլ հիվանդությունների, ասենք՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեպքում», - ասում է Ֆաուսին:
Ըստ փորձագետների՝ չի կարելի թուլացնել տուբերկուլյոզի դեմ համաշխարհային պայքարի ջանքերը, հատկապես՝ արագ ախտորոշման նոր միջոցների, դեղորայքի և պատվաստումների առումով: