Մատչելի հղումներ

Վաշինգտոնում կանցկացվի Օբամայի և Յացենյուկի հանդիպումը


Հրավիրելով Յացենյուկին Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի վարչակազմը հասկանալի է դարձնում Ռուսաստանի համար, որ Ուկրաինայի նոր կառավարությանը վայելում է իր աջակցությունը

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման չորեքշաբթի օրը կընդունի Ուկրաինայի վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Արսենի Յացենյուկին:

Հրավիրելով Յացենյուկին Վաշինգտոն՝ ԱՄՆ-ի վարչակազմը հասկանալի է դարձնում Ռուսաստանի համար, որ Ուկրաինայի նոր կառավարությանը վայելում է իր աջակցությունը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեյ Քարնին նախօրեին անցկացված մամուլի ասուլիսի ժամանակ նշել է, որ Միացյալ Նահանգները հասկանալի է դարձնում Ռուսաստանի համար, որ վերջինիս գործողությունները չեն մնալու առանց հետևանքների:

«Մեր տրամադրության տակ ունենք նախագահ Օբամայի արձակած հրամանագրի նման ճկուն միջոց, որը հնարավորություն է տալիս մեզ կարգավորել հետևանքները՝ կախված Ռուսաստանի կողմից կայացված որոշումներից, կախված այն բանից, թե արդյոք Ռուսաստանը կորոշի լուծել Ուկրաինայում իր մտահոգությունն առաջացնող հարցերը խաղաղ և դիվանագիտական ճանապարհով», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի խոսնակը:

Ջեյ Քարնին մամուլի հետ հանդիպման ընթացքում շեշտել է, որ Ուկրաինայում իրավիճակի ապակայունացումը երկարաժամկետում չի բխում Ռուսաստանի շահերից:

«Ռուսաստանի շահերից չի ելնում մեկուսացման մեջ հայտնվելը, և, տնտեսական տեսակետից, Ռուսաստանի շահերից չի բխում, որ ամբողջ աշխարհում ներդրողները կասկածամտությամբ վերաբերվեն այն հարցին, թե արդյոք Ռուսաստանը, իր գործողությունների և դրանց նկատմամբ միջազգային արձագանքի հետևանքով, լրացուցիչ ներդրումներ կատարելու համար պատշաճ վայր է», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

Պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ով է ֆինանսավորում Ուկրաինայի վարչապետ Արսենիյ Յացենյուկի այցը Միացյալ Նահանգներ, Քարնին առաջարկել է մեկնաբանությունների համար դիմել Ուկրաինայի կառավարությանը:

«Ես տեղյակ եմ միայն այն բանից, որ ինքը ժամանում է՝ նախագահ Օբամայի հետ հանդիպելու նպատակով», - ասել է ԱՄՆ-ի Սպիտակ տան մամուլի քարտուղարը:
XS
SM
MD
LG