Մատչելի հղումներ

Հայ որբերի գորգը հնարավոր չէ տրամադրել նկարահանման համար. ԱՄՆ-ի Սպիտակ տուն


«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարին էր հղել «Հայ որբերի գորգը» դիտելու և նկարահանելու մասին դիմումը

«Ամերիկայի Ձայն»-ի հայկական ծառայությունը ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Լաուրա Լուկաս Մագնուսոնին է հղել Հակոբ Մարտին Դերանյանի «Նախագահ Քալվին Քուլիջն ու Հայ որբերի գորգը» գրքում նկարագրված «Հայ որբերի գորգը» դիտելու և նկարահանելու մասին դիմումը:

«Ցավոք, գորգը պահեստավորված է և մենք չեն կարող տրամադրել այն նկարահանման համար», - եղել է Սպիտակ տան Ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղարի պատասխանը «Ամերիկայի Ձայն»-ի դիմումին:

ԱՄՆ-ի ավելի քան 30 կոնգրեսական դրել են իրենց ստորագրությունները կոնգրեսականներ Ադամ Շիֆի ու Դեյվիդ Վալադաոյի հեղինակած՝ ԱՄՆ-ի Սպիտակ տանը հասցեագրված նամակի տակ, որտեղ կոչ է արվում փոխել հայ որբերի կողմից գործած և Օսմանյան Թուրքիայում 1915-ից 1923 թվականներն իրականացված Հայոց ցեղասպանության ժամանակ որպես ԱՄՆ-ի կողմից ցուցաբերված մարդասիրական օժանդակության համար երախտապարտություն ԱՄՆ-ի նախկին նախագահ Քալվին Քուլիջին նվիրաբերված գորգի հանրային ցուցադրման արգելման մասին որոշումը:

Կոնգրեսական Ադամ Շիֆն ավելի վաղ հստակ վերագրել է «Հայ որբերի գորգի» ցուցադրումից հրաժարումը ԱՄՆ-ի Սպիտակ տան դիվանագիտական մտավախություններին:

«Դժվարանում եմ որևէ այլ եզրահանգումների գալ բացի այն երզհահանգումից, որ նրանք չեն ցանկանում վիրավորանք հասցնել Թուրքիային: Եթե դա է դրդապատճառը, ապա այն միանգամայն անընդունելի է», - գործակալությանը տված հարցազրույցում ասել է կոնգրեսական Շիֆը՝ արձագանքելով գորգը ցուցադրելու իր պահանջին ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Մագնուսոնի կողմից տրված պատասխանին, որի համաձայն Հակոբ Մարտին Դերանյանի գրքի ցուցահանդեսի ընթացքում գորգի ցուցադրումը «կհամարվի ԱՄՆ-ի պետական գույքի ոչ պատշաճ օգտագործում»:

ԱՄՆ-ի Սպիտակ տան ազգային անվտանգության գծով մամուլի փոխքարտուղար Մագնուսոնը սակայն նշել էր, որ «Հայ որբերի գորգը» պահեստում թողնելու որոշումը «չի բացառում ապագայում դրա ցուցադրման հնարավորությունը», ինչին կոնգրեսական Շիֆն արձագանքել էր՝ խոստանալով ստուգման ենթարկել առաջարկությունն այս կամ նման մեկ այլ գորգի ցուցադրում նախատեսող ևս մեկ միջոցառման կազմակերպման միջոցով:
XS
SM
MD
LG