Մատչելի հղումներ

Վաշինգտոնի ցուցարարներ. «ԱՄՆ-ի Կոնգրեսը ներկայացնում է բոլոր ամերիկացիներին»


Վաշինգտոնի ցուցարարներ. «ԱՄՆ-ի Կոնգրեսը ներկայացնում է բոլոր ամերիկացիներին»

Միացյալ Նահանգների մայրաքաղաք Վաշինգտոնում այսօր անցկացվել է բողոքի երթ, որի մասնակիցների նպատակն է հիշեցնել ԱՄՆ-ի Կոնգրեսին, որ այն ներկայացնում է բոլոր ամերիկացիներին:

ԱՄՆ-ի Կապիտոլիումի ոստիկանության խոսնակը հայտնել է «Ամերիկայի Ձայն»-ին, որ երեքշաբթի օրը ձերբակալվել է երթի մասնակիցներից մեկը, որն անօրինական եղանակով մուտք է գործել հանրապետական օրենսդիրներից մեկի գրասենյակ և հրաժարվել այն լքելուց:

Ցուցարարները երթեր են կազմակերպել դեպի մի քանի օրենսդիրների գրասենյակներ՝ ասելով, որ ցանկանում են «ժողովրդին վերադարձնել իրեն պատկանող պետական մարմինը»:

Հազարավոր ցուցարարներ հավաքվել են Վաշինգտոնի Ազգային զբոսայգում՝ նախատեսելով մի քանի օր շարունակ անցկացնել «Վերադարձրու Կապիտոլիումը» կարգախոսով հանրահավաքներ և երթեր:

Վաշինգտոնում հավաքված ցուցարարների կազմում կան նաև «Գրավիր Ուոլ Սթրիտը» շարժման մասնակիցներ, որոնք ասում են, թե ներկայացնում են բնակչության «99 տոկոսը», որը դուրս է մնացել հարուստների մեկ տոկոսից:

Ցույցերի հիմնական կազմակերպիչներից է նաև «Մեր Դի-Սի» («OurDC») կազմակերպությունը, որը, ըստ կազմակերպության ներկայացուցիչների, գործում է գործազուրկների և ոչ լրիվ աշխատանքային օրով աշխատողների անունից և նպատակ է հետապնդում վերադարձնել լավ վարձատրվող աշխատատեղերը Միացյալ Նահանգների մայրաքաղաք:

Հիշեցնենք, որ ոստիկանությունը կիրակի օրը Վաշինգտոնում ձերբակալել է «Գրավիր Վաշինգտոնը» շարժման 31 մասնակից:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ՄըքՖիերսոն հրապարակում մի քանի շաբաթվա ընթացքում հավաք անցկացնող ցուցարարները շաբաթ օրն սկսել էին երկհարկանի կառուցի շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը սակայն կիրակի առավոտյան տեղեկացրել է ցուցարարներին, որ նման կառույցի շինարարություն իրականացնելու համար թույլտվություն է անհրաժեշտ, ինչից հետո մեկ ժամ ժամանակ է հատկացրել՝ կառույցը ապամոնտաժելու համար:

Ցուցարարների կողմից ոստիկանության պահանջը չկատարելուց հետո ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ, որոնց արդյունքում ձերբակալվել են կառույցի հիմքը չլքած ցուցարարները:

XS
SM
MD
LG