Մատչելի հղումներ

Վաշինգտոնում ձերբակալվել են «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման ակտիվիստներ


Վաշինգտոնում ձերբակալվել են «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման ակտիվիստներ
Վաշինգտոնում ձերբակալվել են «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման ակտիվիստներ

Վաշինգտոնում կիրակի օրը ձերբակալվել է «Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման առնվազն 12 ակտիվիստ:

Միացյալ Նահանգների մայրաքաղաքի կենտրոնում գտնվող ՄըքՖիերսոն հրապարակում մի քանի շաբաթվա ընթացքում հավաք անցկացնող ցուցարարները շաբաթ օրն սկսել էին երկհարկանի կառուցի շինարարական աշխատանքները: Ոստիկանությունը սակայն կիրակի առավոտյան տեղեկացրել է ցուցարարներին, որ նման կառույցի շինարարություն իրականացնելու համար թույլտվություն է անհրաժեշտ, ինչից հետո մեկ ժամ ժամանակ է հատկացրել՝ կառույցը ապամոնտաժելու համար:

Ցուցարարների կողմից ոստիկանության պահանջը չկատարելուց հետո ոստիկանության ծառայողները ձեռնարկել են միջոցներ, որոնց արդյունքում ձերբակալվել են կառույցի հիմքը չլքած ցուցարարները:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժման անդամները հանդես են գալիս տնտեսական անհավասարության և կորպորացիաների ագահության դեմ: Վերջին մի քանի շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգների իշխանությունները դադարեցրել են շարժման ակտիվիստների մի քանի ճամբարի գործունեությունը:

ԱՄՆ-ի հյուսիսարևմտյան Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում ոստիկանությունը շաբաթ օրն արգելել է մուտքը քաղաքի կենտրոնում գտնվող զբոսայգի՝ ձերբակալելով զբոսայգին լքելուց հրաժարված շարժման ակտիվիստներին:

«Գրավիր Ուոլ Ստրիթը» շարժումը սկսվել է Նյու Յորքի Զուկոտի զբոսայգում սեպտեմբերի 17-ին մի խումբ ակտիվիստների կողմից, որոնք բողոքում էին ամբողջ աշխարհում հարուստների ու աղքատների միջև առաջացած և հետզհետե խորացող ճեղքվածքի դեմ։ Զբոսայգում տեղակայված ճամբարը սակայն վերացվել է նոյեմբեր ամսվա սկզբին:

XS
SM
MD
LG