Մատչելի հղումներ

Ընտրությունների արդյունքում «ստատուս քվո»-ն ԱՄՆ-ի Կոնգրեսում պահպանվեց


Hանրապետականները կպահպանեն վերահսկողությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ-ի Սենատը

Ըստ նախնական գնահատականների, հանրապետականները կպահպանեն վերահսկողությունն ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի նկատմամբ, իսկ դեմոկրատները կշարունակեն վերահսկել ԱՄՆ-ի Սենատը:

Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները կարևոր մի քանի հաղթանակ են տարել՝ պահպանելով իրենց դիրքը Սենատում: Այսպես, Մասաչուսեթս նահանգում պարտություն է կրել ներկայիս սենատոր Սքոթ Բրաունը, ընտրապայքարում հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող իր մրցակից Էլիզաբեթ Ուորենը: Վիրջինիա նահանգում հաղթանակ է տարել նախկին նահանգապետ, դեմոկրատ Թիմ Քեյնը, իսկ Օհայոում՝ նույն կուսակցությանն անդամակցող սենատոր Շերոդ Բրաունը:

Դեմոկրատները, բացի այդ, հաղթանակ են տարել Ինդիանա նահանգի սենատորի ընտրություններում, որտեղ դեմոկրատ Ջո Դոնելին պարտության է մատնել հանրապետական Ռիչարդ Մերդոքին, որն ընտրապայքարի ընթացքում վիճահարույց արտահայտություններ էր թույլ տվել՝ խոսելով բռնաբարության և աբորտների հարցի շուրջ: Վիճահարույց նման արտահայտություններ թույլ տված հանրապետական մեկ այլ թեկնածու՝ Թոդ Ատկինսը պարտություն է կրել Միսուրի նահանգում, որտեղ հաղթանակ է տարել դեմոկրատական կուսակցությունը ներկայացնող սենատոր Քլեյր ՄըքՔասքիլը:

Ըստ կանխատեսումների, դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչները հաղթանակած դուրս կգան նաև Ֆլորիդայում և Փենսիլվանիայում ծավալված ընտրապայքարում, սակայն Մեյն նահանգում հանրապետականները պարտվել են անկախ թեկնածու Անգուս Քինգին:

Ընտրությունների ընթացքում պայքարն ընթանում էր ԱՄՆ-ի 100-տեղանոց Սենատի 33 տեղի համար: Սենատի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար հանրապետականներին անհրաժեշտ էր ձեռք բերել չորս տեղ:

ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատում, ըստ կանխատեսումների, մեծ փոփոխություններ նույնպես չեն սպասվում: Հանրապետականները կպահպանեն մեծամասնությունը, քանի որ սպասվում է, որ երկու կուսակցությունների ներկայացուցիչները կվերընտրվեն բազմաթիվ նահանգներում, ինչը նշանակում է, որ կարևոր նշանակություն ունեցող Օհայո նահանգից հանրապետական կոնգրեսական Ջոն Բոները կմնա Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնում:

Ջոն Բոները երեքշաբթի ուշ երեկոյան արված հայտարարության մեջ ասել է, թե հանրապետականների համար «մեծ պատիվ է» ընտրողների կողմից Ներկայացուցիչների պալատի առաջնորդների դերում վերընտրվելը, և որ իրենք շարունակելու են հանդես գալ ընդդեմ հարկերը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունների: Ներկայացուցիչների պալատի խոսնակն այնուամենայնիվ առաջարկել է նաև աշխատել «ԱՄՆ-ի Սպիտակ տան այն գործընկերների հետ, որոնք համատեղ աշխատելու ցանկություն կարտահայտեն»:

Միացյալ Նահանգներում երեքշաբթի օրը կայացած ընտրությունների ընթացքում ընտրվել են ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի բոլոր 435 անդամները: Երկրի օրենսդրական այս մարմնի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար դեմոկրատներին անհրաժեշտ էր ձեռք բերել 25 տեղ:

Հասարակական կարծիքի մի շարք հարցումների համաձայն, ամերիկացիներից շատերը հուսահատված են երկրի օրենսդրական մարմնում քաղաքական գործիչների «քաղաքական խաղերից» և միմյանց դեմ ուղղված թշնամանքից, և գրեթե չեն նկատում որևէ բարելավում իրենց առօրյա կյանքում:
XS
SM
MD
LG