Եթե ինտերնետում շատ ժամանակ եք անցկացնում, ապա վիրտուալ կերպարները ազդում են ձեր ինքնության վրա:
Նոր լրատվամիջոցների այս աշխարհում մարդիկ շատ ժամանակ են անցկացնում առցանց կերպարների հետ։
Դրանք կոչվում են ավատար՝ էլեկտրոնային անձ կիբերաշխարհում:
Սակայն կարող են արդյոք ավատարները փոխել մեզ: Ջերեմի Բեյլենսանը կարծում է, որ կարող են: ԱՄՆ-ի Գիտության ազգային հիմնադրամի օժանդակությամբ Սթենֆորդի համալսարանում նա ստեղծել է «Մարդկանց վիրտուալ շփման լաբորատորիա»՝ ուսումնասիրելու ավատարների ազդեցությունը մարդկանց վրա։
Ավատար ունենալու պատճառն այն է, որ այն թույլ է տալիս լինել ավելի մարդկային, կատարել արարքներ, որոնք ֆիզիկական, ռեալ աշխարհում երբեք չէիր կատարի:
Վիրտուալ աշխարհում հնարավոր է երիտասարդանալ 10 տարով, փոխել սերը, 20 կիլոգրամ ավելի ծանր կամ նիհար լինել: Հնարավոր է վարել ցանկացած տեսակի վարքագիծ կամ տեսք:
Այսպիսով՝ ավատարները դառնում են մեր երազած տարբերակը: Դա հասկանալուն պես մարդիկ սկսում են դառնալ այդ երևակայական անձը:
«Օրինակ՝ կարող եմ ստեղծել 20-ամյա ուսանող և նրան հնարավորություն տալ դրամ խնայելու կամ անխնա ծախսելու: Դա կարող է ազդել նաև մարզումների վրա. Փորձերից մեկում կինը գլխին սարք է կրում և տեղում վազելու դեպքում իր ավատարը նույնպես վազում է և տեսանելիորեն քաշ կորցնում: Երբ կանգնում է, ավատարը նույնպես կանգնում է և գիրանում: Մարդիկ սկսում են ավելի շատ մարզվել այն բանից հետո, երբ տեսնում են իրենց վազելիս», - ասում է Բեյլենսանը:
Պարզվում է՝ մենք նախընտրում ենք ուրիշներին, ովքեր նման են մեզ: Հետազոտողները այդ եզրակացության եկան 2004 թվականին, երբ ուսանողների դեմքերը նրբորեն հարմարեցրին նախագահական թեկնածուներին: Այդ ուսանողներն իրենց նախապատվությունը տալիս էին իրենց նմանվող թեկնածուներին։
«Չնայած ուսանողներից ոչ մեկն ուղղակիորեն չէր զանազանել իր դեմքը ստեղծված պատկերի մեջ, նրանք, ում դեմքը հարմարեցվել էր Բուշին, ավելի հավանական էր, որ կքվեարկեր Բուշի օգտին», - ասում է Բեյլենսանը՝ հավելելով. – «Սա հզոր գործիք է»:
Բեյլենսանը հավատացած է, որ ավատարները շուտով ավելի մեծ դեր են խաղալու մեր առցանց կյանքում:
«Մեր ստեղծած ավատարն ու նրա շփումները ուրիշների հետ կարող է ազդել մեր վարքագծի վրա: Մարդիկ սիրում են թե՛ մտքով թե արտաքինով իրենց նմաններին: Մենք սիրում ենք մարդկանց, ովքեր մեզ են նման», - ասում է Բեյլենսանը:
Նրա համաձայն, ուսումնասիրությունը նպատակ է հետապնդում պատասխանել կարևոր հարցին՝ ուրիշին նմանվել հնարավորություն ունենալու դեպքում դա ինչ հետևանք կունենա այդ անձի վրա ազդեցություն գործելու մեր կարողության վրա:
«Այո, կարծում եմ՝ նոր ենք սկսում բացահայտել այն բոլոր հնարավորությունները, որոնց միջոցով մենք կարող ենք ինքներս մեզ վերապատկերել», - ասում է Բեյլենսանը:
Եվ իրականության և վիրտուալ աշխարհի միջև սահմանագիծը գնալով ավելի աղոտ է դառնում: