Մատչելի հղումներ

Հայաստանում նշվեց Հաղթանակի և խաղաղության տոնը


Հայաստանում նշվեց Հաղթանակի և խաղաղության տոնը
Հայաստանում նշվեց Հաղթանակի և խաղաղության տոնը

Հայաստանում մայիսի 9-ին նշում են Հաղթանակի և խաղաղության տոնը, որի կապակցությամբ իր շնորհավորական ուղերձն է հղել նախագահ Սերժ Սարգսյանը։

Հայաստանի նախագահի մամուլի ծառայության փոխանցմամբ, Սարգսյանն ասել է. «Մենք տասնամյակներ շարունակ նշում ենք այս տոնը, որը մեր հայրերի ու պապերի սխրանքի արդյունք է: Հաղթանակ, որը բազում արհավիրքներ տեսած Հայաստանին բերեց այնքան սպասված խաղաղություն, բացեց առաջընթացի նոր դռներ, կիրթ ու առողջ նոր սերունդ դաստիարակելու հորիզոն. սերունդ, որը հավատարիմ էր լինելու իր նախնիների երդմանը և կերտելու էր նոր Հայաստան»:

«Հայության համար երկրորդ աշխարահամարտն իսկապես Մեծ Հայրենական պատերազմ էր: Հանուն հաղթանակի թե՛ Սփյուռքը, թե՛ Հայաստանը տվեցին՝ ինչ կարող էին: Ե՛վ տարբեր ճակատներում, և՛ դիմադրության ու պարտիզանական շարժումներում, և՛ թիկունքում հայորդիները անձնվիրությամբ ու հերոսությամբ պսակեցին իրենց անունը» - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում:

«1992 թվականի մայիսի 9-ը կրկին դարձավ խորհրդանիշ, այս անգամ՝ հայության հաղթանակի, կամքի ու անմահության խորհրդանիշ։ Այսօր և մեկընդմիշտ մենք լիասիրտ տոնելու ենք մեր փառավոր հաղթանակը, որը բարու հաղթանակն է չարի և բարբարոսության նկատմամբ» - ընդգծված է ուղերձում։ - «Արցախի պատմական մայրաքաղաքի ազատագրմամբ հայ ռազմիկը վերադարձավ որպես նոր գիտակցություն և որպես նոր գործոն: Նրանք, որ անմահացան հերոսամարտում, շարունակում են իրենց մեծագույն առաքելությունն իբրև բարոյական և քաղաքական լիցք»:

«Շուշիի ազատագրումն այն բեկումն էր, որը ցույց տվեց նախ մեզ, ապա՝ մնացյալ աշխարհին, թե ինչ ասել է «դասեր քաղած հայ»: Մենք լռեցրել ենք և, եթե հարկ լինի, այսուհետ և՛ս լռեցնելու ենք բոլոր այն կրակակետերը, որտեղից կրակում են մեր երեխաներին և ծնողներին» - ասված է Հայաստանի նախագահի ուղերձում: – «Բայց ես հուսով եմ, որ դրա կարիքն այլևս չի լինելու, ինչի հիմնական երաշխավորներն են հայրենի երկրի խաղաղությունը պահպանող մեր զինվորները» - ասված է ուղերձում:

«Ամենամեծ հաղթանակը խաղաղությունն է և նրա բարի պտուղները: Մաղթում եմ բոլորիս, որ միասին կարողանանք առավելագույնս իմաստավորել խաղաղության ու կայունության յուրաքանչյուր տարին հանուն մեր գալիք սերնդի, որը վաղը հավատարիմ է լինելու իր նախնիների երդմանը և շարունակելու կերտել նոր` ավելի լավ Հայաստան:» - եզրափակելով իր տոնական ուղերձը, նշում է Հայստանի նախագահ Սերժ Սարգսյանը:

XS
SM
MD
LG