Մատչելի հղումներ

Շարքային Մենինգին այսօր դատավճիռ կներկայացվի


Շարքային Մենինգի կողմնակիցների համաձայն, վերջինս բացահայտել էր այն սխալները, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, այլապես որևէ կերպ չէր ընդունի

«Վիքիլիքս»-ին Միացյալ Նահանգների պետական գաղտնիք համարվող մեծածավալ տեղեկություններ փոխանցած ԱՄՆ-ի զինված ուժերի շարքային Բրեդլի Մենինգին ռազմական տրիբունալում վերջինիս գործը վարող դատավորն այսօր դատավճիռ կներկայացնի:

ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում ծնված Բրեդլի Մենինգին կներկայացվի քրեական պատասխանատվություն նախատեսող 21 մեղադրանք, ներառյալ լրտեսություն և համակարգչային տեխնիկայի կիրառմամբ խարդախությունների իրականացման մեղադրանքները, որոնք կապված են վերջինիս կողմից գաղտնի 700 հազար փաստաթղթի հրապարակման հետ:

«Արտահոսքի» արդյունքում հրապարակված փաստաթղթերի թվում են եղել Աֆղանստանում և Իրաքում վարվող պատերազմներին վերաբերող դիվանագիտական հեռագրերն ու ռազմական գաղտնի զեկույցները, որոնք շարքային Մենինգը փոխանցել էր «Վիքիլիքս»-ին:

Բրեդլի Մենինգն իրեն արդեն իսկ մեղավոր է ճանաչել պակաս ծանր հանցագործություններ կատարելու մի քանի մեղադրանքներով, որոնց հիման վրա ինքը կարող է դատապարտվել առնվազն 20 տարվա ազատազրկման: Նա սակայն կարող է դատապարտվել ցմահ բանտարկության, եթե մեղավոր ճանաչվի թշնամուն աջակցելու ավելի լուրջ մեղադրանքներով:

Շարքային Մենինգի պաշտպանությունն իրականացնող փաստաբանը սակայն պնդում է, որ 25-ամյա Մենինգը ոչ թե դավաճան է, այլ «երիտասարդ, միամիտ և բարին ցանկացող քաղաքացի», որը պարզապես ուզում էր խրախուսել երկխոսություն ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության մասին:

«Արտահոսք»-ի հետևանքով «Վիքիլիքս»-ին տրամադրված տեղեկատվության թվում էր, ի թիվս այլոց, Իրաքի մայրաքաղաք Բաղդադում 2007 թվականին խաղաղ բնակիչների շրջանում բազմաթիվ զոհերի պատճառը դարձած ուղղաթիռային հարձակման մասին տեսանյութը:

Շարքային Մենինգի կողմնակիցների համաձայն, վերջինս բացահայտել էր այն սխալները, որոնք ԱՄՆ-ի պաշտպանության նախարարությունը՝ Պենտագոնը, այլապես որևէ կերպ չէր ընդունի:
XS
SM
MD
LG