Նյու Յորքից իր գործունեությունն իրականացնող «Human Rights Watch» իրավապաշտպան կազմակերպությունը հայտնել է, որ Ուզբեկստանի իշխանությունները կասեցրել են այս կազմակերպության գրանցումը` Տաշքենդի գրասենյակի 15-ամյա գործունեությունը դադարեցնելու նպատակով:
«Human Rights Watch»-ի համաձայն, Ուզբեկստանի իշխանությունները որևէ հիմք չեն ներկայացրել կազմակերպության գրանցումը դադարեցնելու վերաբերյալ գործ հարուցելու համար:
Իրավապաշտպան կազմակերպության գործադիր տնօրեն Քենեթ Ռոսի համաձայն, դադարեցնելով այս կազմակերպության գործունեությունն Ուզբեկստանում, «իշխանությունները հստակ հայտնել են, որ չեն ցանկանում հանդուրժել այս երկրում մարդու իրավունքների խախտման դեպքերի ուսումնասիրություն»:
«Human Rights Watch»-ը նշել է, որ Ուզբեկստանում կազմակերպության գործունեության դադարեցումը տեղի է ունենում «մարդու իրավունքների հետզհետե խորացող ճգնաժամի» ժամանակ:
Կազմակերպությունը կոչ է արել Միացյալ Նահանգներին և Եվրամիությանը դատապարտել Ուզբեկստանի կառավարության այս գործողությունը և խիստ միջոցառումներ ձեռնարկել այս երկրի նկատմամբ: