ԱՄՆ-ը պատրաստվում է ավելի խիստ պատժամիջոցներ սկսել ընդդեմ Իրանի՝ կապված այս երկրի միջուկային ծրագրի հետ։
Մի քանի պաշտոնյաներ, ովքեր խնդրել են իրենց անունները չհրապարակել, հայտնել են, որ նոր պատժամիջոցները կուղղվեն հիմնականում Իրանի նավթաքիմիական արդյունաբերության դեմ, ինչի մասին պաշտոնապես կհայտարարվի երկուշաբթի օրը։
ԱՄՆ-ը այս որոշմանն է հանգել ՄԱԿ-ի կողմից ուրբաթ օրն այն բանաձեւի ընդունումից հետո, ըստ որի կազմակերպությունը ՝՝խորը մտահոգություն ունի Թեհրանի միջուկային ծրագրի կապակցությամբ՛՛։
Այս բանաձեւը ՄԱԿ-ի Ատոմային էներգետիկայի միջազգային գործակալությունն ընդունել է Ավստրիայում ուրբաթ օրը՝ հենվելով այն զեկույցի վրա, ըստ որի գործակալությունն ունի վկայություններ, որ Իրանը փորձում է ստեղծել միջուկային զենքեր։
Իրանը հերքում է այս մեղադրանքները՝ հայտարարելով, որ գործակալությունն իր որոշումները կայացնում է որպես ԱՄՆ-ի գործիք։