Մատչելի հղումներ

Նոր մոտեցումներ՝ ջրի խնդրի լուծման համար


ՄԱԿ-ի համաձայն, երկրագնդում բավական խմելու ջուր կա բոլորի համար: Սակայն գրեթե 1,6 միլիարդ մարդ ջրի սակավության խնդիր ունի՝ անբավարար ենթակառուցվածքի, անհավասար բաշխման և վատնման պատճառով: Կալիֆորնիայում «ՎելԴան», թարգմանաբար՝ «Լավ կատարված» կոչվող կազմակերպությունը փորձում է թեթևացնել ջրի համաշխարհային ճգնաժամը՝ կիրառելով նոր մոտեցումներ հին խնդրի լուծման համար:

Ջոշ Տոն Վելդանի համահիմնադիրն է և զարգացման բաժնի ղեկավարը: Նա համաձայն, մարդիկ հաճախակի ասում են, որ անհրաժեշտ է կրթություն, մաքրություն, ենթակառուցվածք, ճանապարհ, սակայն առանց մաքուր ջրի մատչելիության այլ աշխատանքների իրականացումն անհնար է:

Ըստ փորձագետների՝ մաքուր ջուր ունենալու արդյունքում կարող են զարգանալ առավել մեծ տնտեսական և կրթական հնարավորություններ, հատկապես՝ կանանց համար, ովքեր իրենց վրա են կրում հեռավոր տարածությունից ջուր բերելու հոգսը: «ՎելԴան»-ը խթանում է Ենթասահարային Աֆրիկայում և Հարավային Ասիայում ջրհորների կառուցումը: Շահույթ չհետապնդող այդ կազմակերպությունը ապահովում է նյութական միջոցներ և ապա այդ միջոցները տրամադրում ջրի զարգացման կազմակերպություններին, որոնք և կատարում են աշխատանքը:

Ծրագրերի ղեկավար Ջիմ Յունի համաձայն, կազմակերպությոնւը ջրի ճգնաժամի երկու խնդիր է բարձրացնում՝ ջրի գերօգտագործումը ԱՄՆ-ում և ապա ոչ մատչելիությունը զարգացող աշխարհում:

Կազմակերպությունը մշակել է ծրագիր, որը կոչվում է «Ջուր ջրի համար», ըստ որի Միացյալ Նահանգներում ջուր շատ օգտագործողները համաձայնում են խնայել ջուրը և ջրի ծախսերից խնայված գումարները նվիրել «ՎելԴան»-ին:

«ՎելԴան»-ը նախատեսում է նաև ստեղծել «Ապագա կառույց» կայքը, որը թույլ կտա գնել և նվիրաբերել ջրհոր կառուցելու համար հատուկ նյութեր: Ընդհանուր ծախսերը կրճատելու համար «ՎելԴան»-ը և գործընկեր կազմակերպությունները պահանջում են, որպեսզի շահառու գյուղի բնակիչները իրենք կատարեն ձեռքի աշխատանքի մեծ մասը:

Տոն և Յունն առաջին անգամ հանդիպել են քոլեջում: Ավարտելուց հետո նրանք եկեղեցական առաքելությամբ մեկնել են Գանա, որտեղ ականատես են եղել աղտոտված ջրի հետևանքով հիվանդությունների տարածմանը:

Ոգեշնչվելով Աֆրիկայի իրենց փորձով ՝ Տոն և Յունը 2010 թվականին ընտանիքի և ընկերների աջակցությամբ ստեղծեցին «ՎելԴան» կազմակերպությունը։ Գալիք տարում նրանք ցանկանում են իրականացնել ջրային ոլորտում 300 ծրագիր:
XS
SM
MD
LG