Սպիտակ տունը մշակում է նոր կանոնակարգ, որն առավել դյուրին է դարձնելու ինտերնետով և անլար սարքերից ուղարկվող էլ. փոստի միջոցով կատարվող անձնական հաղորդագրությունների վերահսկողությունը հետախուզական մարմինների աշխատողների համար:
«Նյու Յորք Թայմս» օրաթերթի համաձայն, դաշնային իրավապահ և ազգային անվտանգության մարմինների համար այդ փոփոխությունները անհրաժեշտ են, քանի որ աստիճանաբար դժվարանում է իրականացնել հանցագործության և ահաբեկչական գործունեության մեջ կասկածյալ անձանց գաղտնալսումը: Դա պայմանավորված է նրանով, որ հեռախոսով հաղորդակցվելու փոխարեն մարդկանց միջև հաղորդակցությունը գնալով ավելի հաճախ է կատարվում առցանց:
Թերթում հրապարակված հաղորդագրության համաձայն, պաշտոնյաները նախապատրաստում են իրավական ակտ, որի համաձայն հեռահաղորակցային բոլոր ծառայությունները պետք է ունենան գաղտնալսման հրամանը ի կատար ածելու տեխնիկական հնարավորություններ:
Արմատական փոփոխություններ ներմուծող այս առաջարկությունը ներառում է «Բլեքբերի»-ի նման ծածկագրված էլ. փոստի փոխանակման ծառայությունները, «Ֆեյսբուք»-ի ցանցում հաղորդակցման նման այլ կայքերը, ինչպես նաև «Սկայփ» համակարգի նման երկու համակարգիչների միջև հաղորդակցվելու հնարավորություն տրամադրող համակարգերը:
«Նյու Յորք Թայմս» օրաթերթի համաձայն, նախագահ Օբամայի վարչակազմը նախատեսում է օրինագիծը ներկայացնել իրավաստեղծների քննարկմանը գալիք տարվա ընթացքում: