Մատչելի հղումներ

«Պուտինի խոսքերը համոզիչ չեն». ԱՄՆ-ի Սպիտակ տուն


Կրեմլը պետք է ցույց տա, որ կընդունի Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստ կլինի աշխատելու նոր կառավարության հետ՝ անկախ այն բանից, թե ով է ընտրվելու այս երկրի նախագահի պաշտոնում

Կրեմլը պետք է ցույց տա, որ կընդունի Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները և պատրաստ կլինի աշխատելու նոր կառավարության հետ՝ անկախ այն բանից, թե ով է ընտրվելու այս երկրի նախագահի պաշտոնում: Նման հայտարարությամբ հանդես են եկել ԱՄՆ-ի Սպիտակ տունն ու արտգործնախարարությունը:

Ռուսատանի նախագահ Վլադիմիր Պուտինը, հանդես գալով նախօրեին Սանկտ Պետերբուրգում, ասել է, թե հույս ունի բարելավելու հարաբերություններն Արևմուտքի հետ: Նախագահ Պուտինը նշել է նաև, որ պատրաստ է ընդունել Ուկրաինայում կայանալիք նախագահական ընտրությունների արդյունքները:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակ Ջեյ Քարնիի համաձայն, Պուտինի խոսքերը համոզիչ չեն:

«Մենք պետք է տեսնենք, որ Ռուսաստանն իրոք կընդունի Ուկրաինայում նախագահական ընտրությունների արդյունքները և կձեռնարկի այս երկրի կառավարության հետ հարաբերություններ հաստատելուն ուղղված քայլեր», - ասել է Սպիտակ տան մամուլի քարտուղարը:

ԱՄՆ-ի Սպիտակ տան խոսնակը շեշտել է, որ Միացյալ Նահանգները շարունակում է կոչ անել Ռուսաստանին օգտագործել իր ազդեցությունը՝ համոզելու համար Ուկրաինայի արևելքում և այլ վայրերում գործող անջատողականներին ազատել նրանց կողմից զբաղեցրած շենքերը, վայր դնել զենքը, դադարեցնել բռնությունների և անկայունության պատճառը դարձած գործողությունները և մասնակցել Ուկրաինայում ժողովրդավարական գործընթացների:

Միացյալ Նահանգներ արտգործնախարարության փոխխոսնակ Մարի Հարֆն իր հերթին նշել է, որ առկա են ապացույցներ այն մասին, որ ռուսաստանամետ անջատողականները փորձում են խոչընդոտել Ուկրաինայում ընտրությունների անցկացման:

«Մենք տեսել ենք, մանավանդ Ուկրաինայի որոշ վայրերում, որ անջատողականները բռնություններ գործադրելու, պետական շենքերը գրավելու, ընտրատուփերի և ընտրողների ցուցակներն առևանգելու միջոցով նպատակասլաց իրականցնում են ընտրություններին խոչընդոտելու գործողություններ» - ասել է Հարֆը:

ԱՄՆ-ի արտգործնախարարության փոխխոսնակը կասկածանքի տակ է դրել նաև Ռուսատանի պաշտպանության նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներից մեկի խոսքերն այն մասին, որ Ռուսաստանը մի քանի օրվա ընթացքում կփորձի հետ քաշել Ուկրաինայի մոտակայքում գտնվող ուժերը:

«Սահմանամերձ շրջաններում գտնվում են զգալի ուժեր, դրանք ունեն զգալի հնարավորություններ և հարձակողական դիրքեր են զբաղեցնում», - ասել է արտգործնախարարության Մարի Հարֆը:
XS
SM
MD
LG