Մատչելի հղումներ

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը խոստացել է վերջ տալ Աֆղանստանում «ներքին» հարձակումներին


Պանետան ասել է, որ «ներքին» հարձակումների միջոցով թշնամին փորձում է «սեպ խրել» Աֆղանստանի և դաշնակիցների ուժերի միջև

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Լեոն Պանետայի համաձայն, ձեռնարկվում են արդյունավետ միջոցներ՝ ՆԱՏՕ-ի զինծառայողների և Աֆղանստանի զինված ուժերի միջև վստահությանը վնաս հասցրած՝ այսպես կոչված «ներքին» հարձակումները դադարեցնելու ուղղությամբ:

Բրյուսելում անցկացվող ՆԱՏՕ-ի անդամ պետությունների պաշտպանության նախարարների հանդիպման ընթացքում Պանետան ասել է, որ «ներքին» հարձակումների միջոցով թշնամին փորձում է «սեպ խրել» Աֆղանստանի և դաշնակիցների ուժերի միջև:

ԱՄՆ-ի պաշտպանության նախարարի համաձայն, ՆԱՏՕ-ն կարող է թույլ չտալ, որպեսզի թշնամին հասնի իր նպատակին միայն վերջինիս հարձակումներին արդյունավետ արձագանքելու միջոցով:

Այս տարի Աֆղանստանի զինծառայողների կողմից իրականացված հարձակումների հետևանքով զոհվել է ՆԱՏՕ-ի 52 զինծառայող:

Միացյալ Նահանգների պաշտպանության նախարար Պանետան հայտնել է նաև, որ Աֆղանստանի ուժերին երկրում անվտանգությունն ապահովելու պարտականությունները փոխանցելու գործընթացն ընթանում է ըստ ծրագրածի: Պանետան նաև հորդորել է ՆԱՏՕ-ի դաշնակիցներին օգնություն ցուցաբերել՝ Աֆղանստանի ուժերի վերապատրաստման համար անհրաժեշտ հրահանգիչներ տրամադրելու հարցում:

Նախարար Պանետան տեղեկացրել է նաև, որ Աֆղանստանում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատար, գեներալ Ջոն Ալենը ստանձնելու է դաշնակիցների ուժերի գերագույն հրամանատարի պաշտոնը: Աֆղանստանում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարի պաշտոնում Ալենին կփոխարինի ԱՄՆ-ի ծովային հետևակի հրամանատարի տեղակալ, գեներալ Ջոզեֆ Դանֆորդը:

Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբամայի կողմից առաջադրված Ալենի և Դանֆորդի նշանակումները դեռևս պետք է հաստատվեն ԱՄՆ-ի Սենատի կողմից:
XS
SM
MD
LG