Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կշարունակի հակասիրիական դաշինքի ձևավորումը


«Շարունակում ենք խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև մեր բոլոր դաշնակիցների և գործընկերների հետ». Հեյգել

ԱՄՆ-ի պաշտպանության նախարար Չաք Հեյգելն ասել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի հակասիրիական դաշինքի ձևավորումը՝ չնայած Մեծ Բրիտանիայի օրենսդիրների կողմից ռազմական որևէ գործողություններ ձեռնարկելու ընդդիմությանը:

«Մեր մոտեցումն այն է, որ մենք կշարունակենք համատեղ գործողություններ ձևավորելու նպատակով դաշինքի ձևավորումը», - ուրբաթ օրն ասել է Ֆիլիպիններ այցելած ԱՄՆ-ի պաշտպանության նախարարը:

Արձագանքելով Մեծ Բրիտանիայի խորհրդարանի կողմից Սիրիայի դեմ ռազմական հարվածի իրականացման մեջ մասնակցելու վերաբերյալ առաջարկությունը հերքելու մասին լուրերին՝ Հեյգելն ասել է. «Նախ և առաջ, յուրաքանչյուր պետություն պատասխանատու է իր սեփական որոշումները կայացնելու համար: Մենք հարգանքով ենք վերաբերվում ցանկացած պետության այդ իրավունքին: Շարունակում ենք խորհրդակցությունները Մեծ Բրիտանիայի, ինչպես նաև մեր բոլոր դաշնակիցների և գործընկերների հետ: Այս խորհրդակցությունները ներառում են Սիրիայում քիմիական զենքի կիրառմամբ հարձակմանն արձագանքելու եղանակները»:

Պատասխանելով այն հարցին, թե Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադը ինչ կարող է անել Արևմուտքի ռազմական հարվածից խուսափելու համար՝ ԱՄՆ-ի պաշտպանության նախարարն ասել է, թե «տեղեկացված չէ Ասադի վարչակարգի որևէ հարցում դիրքորոշման փոփոխության մասին»:

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը, հանդես գալով Փարիզում, ասել է, որ Մեծ Բրիտանիայի խորհրդարանի որոշումն ազդեցություն չի ունենալու Սիրիայի հարցում իր երկրի դիրքորոշման վրա: Օլանդը տեղեկացրել է նաև, որ կողմ չէ լոկ Սիրիայի կառավարության տապալմանն ուղղված միջազգային պատժամիջոցներին՝ պնդելով, որ քիմիական զենքի կիրառմամբ հարձակումը չպետք է անպատիժ անցնի:
XS
SM
MD
LG