Մատչելի հղումներ

ԱՄՆ-ը կպահանջի հանձնել Մեքսիկայում ձերբակալված նարկոբարոնին


Միացյալ Նահանգներում Գուզմանը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների իրականացման մեջ, և Նյու Յորքի դատախազների պահանջել են ԱՄՆ ուղարկել վերջինին՝ այնտեղ դատարանի առջև կանգնելու համար

Միացյալ Նահանգների դատախազությունը կպահանջի, որ Մեքսիկայում ձերբակալված նարկոբարոնը հանձնվի Միացյալ Նահանգներին և կանգնի ԱՄՆ-ի դատարանի առջև, սակայն դեռևս անհայտ է, թե որ երկիրն է առաջինը դատավարություն անցկացնելու ձերբակալված նարկոբարոնի գործով:

Միացյալ Նահանգները 5 միլիոն դոլարի պարգևավճար էր նշանակել «Էլ Չապո» մականվամբ հայտնի Խոակին Գուզմանին հանձնելու համար, որը եղել է աշխարհի ամենաորոնվող նարկոբարոնը:

Միացյալ Նահանգներում Գուզմանը մեղադրվում է բազմաթիվ հանցագործությունների իրականացման մեջ, և Նյու Յորքի դատախազների պահանջել են ԱՄՆ ուղարկել վերջինին՝ այնտեղ դատարանի առջև կանգնելու համար:

ԱՄՆ-ի Չիկագո քաղաքում, որտեղ թմրանյութերի անօրինական վաճառքով զբաղվող հանցախմբերի կողմից իրականացվող բռնությունները մեծ խնդիր են դարձել, Գուզմանը «հասարակության թիվ մեկ թշնամի» է հայտարարված:

«Հասարակության թիվ մեկ թշնամի» վերջին անգամ հայտարարվել էր 1920-ական թվականներին կազմակերպված հանցավոր խմբերի ղեկավար Ալ Կապոնեն:

56-ամյա Գուզմանին սակայն բազմաթիվ մեղադրանքներ են ներկայացվել նաև Մեքսիկայում: «Էլ Չապո»-ն, բացի այդ, պետք է լրացնի 2001 թվականին բանտից կատարված փախուստի պատճառով ընդհատված բանտարկության ժամկետը:

Գուզմանի գլխավորած «Սինաոլա» թմրանյութային կարտելի ազդեցությունը տարածվել էր ամբողջ Հյուսիսային Ամերիկայով՝ հասնելով Եվրոպա և Ավստրալիա:

Ձերբակալված նարկոբարոնն այժմ պահվում է Մեքսիկայում՝ հատկապես խիստ ռեժիմի բանտում:

Հիշեցնենք, որ Խոակին «էլ Չապո» Գուզմանը ձերբակալվել էր շաբաթ օրը Մեքսիկայում՝ այս երկրի և Միացյալ Նահանգների գործակալների կողմից համատեղ իրականացված գործողության արդյունքում:

ԱՄՆ-ի գլխավոր դատախազ Էրիք Հոլդերը ԱՄՆ-ի և Մեքսիկայի քաղաքացիների հաղթանակ է անվանել Գուզմանի ձերբակալությունը: Նրա համաձայն, Գուզմանի կողմից իրականացված քրեական գործողությունները մեծ վնաս են հասցրել միլիոնավոր մարդկանց կյանքին՝ թմրամոլության, բռնությունների և կաշառակերության տարածման հետևանքով:
XS
SM
MD
LG