Մատչելի հղումներ

ԱՄՆ. «Սիրիայի կառավարությանն օգնել է «Հեզբոլլահ»-ն ու Իրանը»


ԱՄՆ-ի Սպիտակ տուն. «Ակնհայտ է, որ Ասադի ուժերը չէին կարողանալու գրավել Քուսեյր քաղաքն առանց արտաքին օգնության»

Միացյալ Նահանգները կոչ է արել Իրանին ու Լիբանանի զինյալների «Հեզբոլլահ» կազմակերպությանը դուրս բերել մարտիկներին Սիրիայից՝ պնդելով, որ Քուսեյր քաղաքի նկատմամբ վերահսկողություն հաստատելու համար Սիրիայի կառավարական ուժերը դիմել էին նրանց օգնության:

ԱՄՆ-ի Սպիտակ տունը տարածել է հաղորդագրություն՝ դատապարտելով Քուսեյր քաղաքի գրոհը և ասելով, թե «ակնհայտ է, որ Ասադի ուժերը չէին կարողանալու գրավել Քուսեյր քաղաքն առանց արտաքին օգնության»:

Հայտարարության մեջ նաև կոչ է արվում հակամարտության երկու կողմերին թույլատրել մարդասիրական օգնություն տրամադրող գործակալություններին մուտք գործել քաղաք՝ վնասվածքներ ստացածներին օգնություն տրամադրելու և քաղաքից էվակուացնելու նպատակով:

Սպիտակ տան հայտարարության մեջ ասված է, որ Սիրիայում «Հեզբոլլահ»-ի մարտիկների գործողությունները և Սիրիայի զինված ուժերի կողմից Լիբանանի տարածում իրականացված հարձակումները «Լիբանանի կայունությանն ուղղված կանխամտածված սպառնալիք են»:

Սիրիայի կառավարական ուժերը, նախօրեին վերահսկողություն հաստատելով ռազմավարական նշանակություն ունեցող Քուսեյր քաղաքի նկատմամբ, խոստացել էին «ջախջախել» երկրի նախագահ Բաշար ալ-Ասադի դեմ պայքար մղող ապստամբներին:
XS
SM
MD
LG