Մատչելի հղումներ

«Սիրիայում կշեռքի նժարը թեքվում է Ասադի կողմը»


ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարը՝ Սիրիայում միջամտության հնարավորության մասին

ԱՄՆ-ի բարձրաստիճան սպաներից մեկը ներկայացրել է Սիրիայում Միացյալ Նահանգների զինված ուժերի օգտագործման մի շարք հնարավորություններ՝ զգուշացնելով սակայն, որ նման գործողությունները թանկ կնստեն ԱՄՆ-ի վրա, և որ Սիրիայում ծավալված ճգնաժամին անմիջական ներգրավվածությունն անհետևանք չի լինի ԱՄՆ-ի համար:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավար, գեներալ Մարտին Դեմփսին ԱՄՆ-ի Կոնգրեսին հասցեագրված նամակում մանրամասնել է միջամտության հինգ տարբերակ՝ ընդդիմության ուժերը վերապատրաստելուց մինչև Սիրիայի զինանոցում առկա քիմիական զենքերի ոչնչացումը:

Գեներալ Դեմփսիի համաձայն, միջամտությունն ըստ էության կօգնի ընդդիմությանը և կուժեղացնի ճնշումը Սիրիայի նախագահ Բաշար ալ-Ասադի նկատմամբ: Նա սակայն նշել է, որ միջամտության անցանկալի հետևանքներից կարող են լինել ծայրահեղականների ուժեղացումն ու «քիմիական այն զենքերի սանձազերծումը, որոնք մենք ցանկանում ենք վերահսկողության տակ պահել»:

ԱՄՆ-ի հրամանատարական անձնակազմի ղեկավարի կողմից ներկայացված տարբերակներից է Սիրիայի տարածքի վրա թռիչքազերծ գոտու ստեղծումը, սակայն զգուշացրել է, որ նման գործողությունների դիմելը կպահանջի հարյուրավոր օդանավերի օգտագործումն ու ամիսը մի քանի միլիարդ դոլարի ծախս: Նա ասել է նաև, որ թռիչքազերծ գոտու ստեղծումը կարող է սահմանափակ ազդեցություն ունենալ, քանի որ Սիրիայի զինված ուժերն ունակ կլինեն շարունակելու մարտական գործողությունները՝ կիրառելով նռնականետներ ու հրթիռներ:

Դեմփսին նշել է նաև «բուֆերային գոտիների» ստեղծման հնարավորության մասին, ամենայն հավանականությամբ՝ Թուրքիայի և Հորդանանի տարածքներում, որոնք կարող են կիրառվել՝ մարդասիրական օգնություն և ընդդիմության ուժերին վերապատրաստում անցկացնելու հնարավորություն տրամադրելու նպատակով: Սակայն, ըստ գեներալի, այս տարբերակին դիմելու համար անհրաժեշտ կլինի ստեղծել թռիչքազերծ գոտի, ինչպես նաև ապահովել ԱՄՆ-ի ցամաքային ուժերի մի քանի հազար զինծառայողի ներկայությունը, ինչի համար ամսեկան կարող է նույնպես պահանջվել ավելի քան մեկ միլիարդ դոլարի ծախս:

ԱՄՆ-ի սպայական անձնակազմի ղեկավարը նշել է նաև Սիրիայի բանակը թուլացնելու նպատակով հրթիռային հարվածների իրականացման տարբերակը, սակայն նման գործողություններ իրականացնելու համար անհրաժեշտ է ներգրավել ԱՄՆ-ի հարյուրավոր ինքնաթիռներ և ռազմանավեր: Այս տարբերակի դեպքում, ըստ գեներալի, ծախսերը կգերազանցեն մի քանի միլիարդ դոլարը:

Գեներալ Դեմփսին զգուշացրել է, որ ռազմական գործողությունների դիմելու դեպքում Միացյալ Նահանգները պետք է պատրաստ լինի «հետագա խորը ներգրավման, որից դժվար կլինի խուսափել»:

ԱՄՆ-ի սպայական անձնակազմի հրամանատարը ներկայացրել է իր նամակն այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ ԱՄՆ-ի Սենատի զինված ուժերի հանձնաժողովում իր ելույթի ընթացքում հայտնել էր, որ «Սիրիայում կշեռքի նժարը թեքվում է Ասադի կողմը»:
XS
SM
MD
LG