ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բաքն ուրբաթ օրը կժամանեն Միչիգան նահանգի Դետրոյտ քաղաք, որտեղ կայցելեն «GM» ընկերության ավտոմոբիլային գործարաններից մեկը:
Երկու պետությունների նախագահների այցը կատարվելու է ԱՄՆ-ի և Հարավային Կորեայի միջև ԱՄՆ-ի Կոնգրեսի կողմից հաստատված ազատ առևտրի մասին երկկողմանի պայմանագիրն առաջ քաշելու նպատակով: Հարավային Կորեայի հետ ազատ առևտրի մասին կնքված պայմանագիրը 1995 թվականին Մեքսիկայի և Կանադայի հետ Հյուսիսամերիկյան ազատ առևտրի համաձայնագրի կնքման ժամանակից առևտրի ոլորտում ԱՄՆ-ի կողմից կնքված ամենախոշոր գործարքն է:
Նախագահ Օբամայի համաձայն, ինքը ցանկանում է, որ Հարավային Կորեայի բնակիչները վարեն ԱՄՆ-ում արտադրված մեքենաները, ինչպես ամերիկացիներից շատերն են վարում Հարավային Կորեայում արտադրված ավտոմոբիլները:
Հարավային Կորեայի նախագահ Լի Մյունգ-բաքը հինգշաբթի օրը ԱՄՆ-ի Կոնգրեսի համատեղ նիստի ընթացքում շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի օրենսդիրներին երկու պետությունների միջև կնքված ազատ առևտրի շուրջ պայմանագիրը հաստատելու համար: Նա նույնպես շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ի զինծառայողներին՝ անցյալում և ներկայում Հարավային Կորեայի պաշտպանությունն ապահովելու համար:
Հարավային Կորեայի նախագահի կողմից Միացյալ Նահանգներ կատարվող այցի ընթացքում անցկացվող բանակցությունների կենտրոնում է եղել նաև Հյուսիսային Կորեայի կողմից իրականացվող միջուկային ծրագիրը: Երկու պետությունների ղեկավարների համաձայն, իրենք միասնական մոտեցում են ցուցաբերում այդ երկրի կոմունիստական մեկուսացված վարչակարգի հետ աշխատելու հարցում:
ԱՄՆ-ի Կոնգրեսը չորեքշաբթի օրը հավանության է արժանացրել Հարավային Կորեայի, Պանամայի և Կոլումբիայի հետ ազատ առևտրի պայմանագրերը, որոնք, պայմանագրերի կողմնակիցների համաձայն, կնպաստեն տարեկան գրեթե 13 միլիարդ դոլարով ավելացնել ԱՄՆ-ից արտահանվող ապրանքների ծավալը:
Միացյալ Նահանգների Ներկայացուցիչների պալատը կողմ է քվեարկել այս երեք պետությունների հետ կնքված պայմանագրերը վավերացնելուն, որոնք հավանության են արժանացել սենատորների ճնշող մեծամասնությունը:
ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի համաձայն, պայմանագրերը հավանության արժանացնելու մասին օրենքները «մեծ հաղթանակ են ԱՄՆ-ի աշխատավորների և գործարարների համար»:
Նախագահ Օբամայի համաձայն, պայմանագրերը թույլ կտան ավելացնել արտահանումը, օժանդակել լավ վարձատրվող աշխատատեղերի ստեղծմանն ու նպաստել շրջակա միջավայրի պահպանման, աշխատավորների իրավունքների և մտավոր սեփականության հետ կապված խնդիրների լուծման: