Մատչելի հղումներ

Աֆղանստանում մարդասպանություն կատարած ԱՄՆ-ի զինծառայողը կկանգնի դատարանի առջև


ԱՄՆ-ի զինված ուժերի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզ (արխիվային լուսանկար)
ԱՄՆ-ի զինված ուժերի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզ (արխիվային լուսանկար)

Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է ենթարկվել մահապատժի

Աֆղանստանում խաղաղ 16 բնակչի սպանության մեջ մեղադրվող ԱՄՆ-ի զինծառայողը երկուշաբթի օրը կկանգնի ռազմական դատարանի առջև:

ԱՄՆ-ի զինված ուժերի ավագ սերժանտ Ռոբերտ Բեյլզն առաջին անգամ կկանգնի ռազմական դատարանի առջև Վաշինգտոն նահանգում գտնվող Լյուիս-ՄըքՔորդ ռազմակայանում կայանալիք նախնական լսումների ժամանակ: Սպասվում է, որ լսումները, որոնց ընթացքում տեսակապի միջոցով վկայություն կտան Աֆղանստանում գտնվող անձինք, կտևեն մոտ երկու շաբաթ:

Դատավարության նպատակն է՝ որոշել, արդյոք Բեյլզը կկանգնի ռազմական տրիբունալի առջև: Մեղավոր ճանաչվելու դեպքում նա կարող է ենթարկվել մահապատժի, որը ԱՄՆ-ի զինված ուժերում չի կիրառվել ծառայողի նկատմամբ արդեն հինգ տասնամյակ:

Միացյալ Նահանգների զինված ուժերում 11 տարի ծառայած Բեյզը մեղադրվում է այս տարվա մարտ ամսին Աֆղանստանի հարավում գտնվող ռազմակայանը մթության քողի տակ ինքնակամ լքելուց հետո խաղաղ բնակիչների սպանդն իրականացնելու մեջ: Բեյլզի զոհերի թվում կա մի քանի երեխա:

Միացյալ Նահանգների զինված ուժերը դրամական փոխհատուցում են վճարել սերժանտի հարձակման պատճառով զոհվածների ընտանիքներին և վնասվածքներ ստացած անձանց:

Ըստ հաղորդագրությունների, հարձակումը կատարելու ժամանակ Բեյլզը գտնվում էր Աֆղանստանում՝ Իրաք կատարված ռազմական երեք գործուղումներից հետո, որտեղ նա գլխուղեղի վնասվածք էր ստացել:
XS
SM
MD
LG