Մատչելի հղումներ

ԱՄՆ-ում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել


ԱՄՆ-ում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել
ԱՄՆ-ում անվտանգության լրացուցիչ միջոցներ են ձեռնարկվել

ԱՄՆ-ի իշխանությունները ձեռնարկել են անվտանգության լրացուցիչ միջոցներ Վաշինգտոն և Նյու Յորք քաղաքներում և շարունակում են հետաքննել 2001 թվականի սեպտեմբերի 11-ի տարելիցի հետ համընկնող ահաբեկչական հարձակում իրականացնելու սպառնալիքի մասին ստացված հաղորդագրությունները:

Վաշինգտոնում զինված պահակները վերահսկում են Քենեդիի կենտրոնը, որտեղ կիրակի երեկոյան ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման և Առաջին տիկին Միշել Օբաման այցելել են տասը տարի առաջ իրականացված ահաբեկչական հարձակման զոհերի հիշատակին նվիրված համերգը:

Միացյալ Նահանգների անվտանգության ուժերն ավելի վաղ արգելել են զբոսաշրջիկներին հավաքվել ԱՄՆ-ի Սպիտակ տան մոտակայքում:

Նյու Յորքում ոստիկանությունը հսկիչ կետեր է սահմանել կամուրջների վրա, թունելներում և մետրոպոլիտենի կայարաններում: Պայթուցիկի հայտնաբերման համար վարժեցված շները դուրս են բերել քաղաքի փողոցներ, իսկ քաղաքի գլխավոր մասերի վերահսկողությունը, ներառյալ «Զրոյական կետը», որտեղ առաջ կանգնած էին Առևտրի համաշխարհային կենտրոնի շենքերը, իրականացվել է նաև տեսախցիկների միջոցով:

«Ֆոքս Նյուզ» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ԱՄՆ-ի Սպիտակ տան հակաահաբեկչական ծառայության ղեկավար Ջոն Բրենանն ասել է, որ շաբաթ և կիրակի օրերի ընթացքում նախագահ Օբաման հանդիպում է անցկացրել ազգային անվտանգության ապահովման աշխատանքային խմբի հետ: Բրենանը հայտնել է, որ իրենք ուշադիր հետևում են հնարավոր բոլոր վտանգների վերաբերյալ ստացվող տեղեկություններին:

Հետևելով անվտանգության ավելի խիստ միջոցների վերաբերյալ ստացված հրամանին, ԱՄՆ-ի օդուժի կործանիչներն ուղեկցել են մարդատար երկու ինքնաթիռների թռիչքը և դադարեցրել Միսուրի նահանգի օդանավակայաններից մեկի աշխատանքը:

ԱՄՆ-ի զինուժի կործանիչները կիրակի օրը հանվել են օդ՝ ուղեկցելու Լոս Անջելեսից դեպի Նյու Յորք ուղևորվող ինքնաթիռներից մեկի թռիչքն այն բանից հետո, երբ թռիչքը սպասարկող անձնակազմից ստացել է հաղորդագրություն, որի համաձայն ուղևորներից մեկը հրաժարվել է դուրս գալ սանհանգույցից: ԱՄՆ-ի տրանսպորտային անվտանգության գործակալության համաձայն, ինքնաթիռն ապահով վայրէջք է կատարել նշանակման վայրում, որտեղ անվտանգության ծառայությունների աշխատողները հարցաքննել են ուղևորներին:

Նման միջոցներ են ձեռնարկվել Դենվեր քաղաքից Դետրոյտ ուղևորվող թռիչքի նկատմամբ, երբ ստացվել է ուղևորներից մեկի կասկածելի վարքի մասին հաղորդագրություն: Այս թռիչքը նույնպես հաջողությամբ վայրէջք է կատարել նշանակման վայրում:

Միսուրի նահանգի Կանզաս Սիթի քաղաքի օդանավակայանի աշխատանքը կիրակի օրը որոշ ժամանակով դադարեցվել է, երբ ուղևորներից մեկը չի թույլատրել Տրանսպորտային անվտանգության գործակալության աշխատողին զննել իր ուղեբեռը՝ այնտեղ կասկածելի առարկա հայտնաբերելուց հետո: Հետագայում պարզվել է, որ առարկան վտանգ չի ներկայացնում, սակայն ուղևորը ձերբակալվել է, իրականացվում է հետաքննություն:

XS
SM
MD
LG